Արա ՂԱԶԱՐՅԱՆ. ԲԱՔՎՈՒՄ ԿՈՊՏՈՐԵՆ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ԼՅՈՒԴՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Բաքվում կոպտորեն ոտնահարվում են Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները: Այս մասին «Մեդիակենտրոնում» քննարկումների ժամանակ ասաց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր Բաքվում սկսվել է Մկրտչյանի և Խոսրովյանի գործով դատական ֆարսը: Երկուսն էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներ են, երկուսին դեմ էլ անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել:
«Հիմնական հարցն այն է, թե ինչպես են պաշտպանվում նրանց իրավունքները: Այն, ինչ մենք տեսանք. տեղի է ունենում նույնը, ինչ Կարեն Ղազարյանի դեպքում: Մարդիկ «ակվարիումի» մեջ են, փաստաբան չկա, հարազատների հետ կապը չի ապահովվում, իշխանությունների միջև կապը չի ապահովվում: Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ը նախապես հայտարարել էր նման վերաբերմունքի անթույլատրելիության մասին:
Նման պայմաններում նշանակություն չունի, թե ինչում են նրանք մեղադրվում. ամբողջ մեղադրանքը կասկածի տակ է: Խախտվել են մարդու հիմնարար իրավունքները»,- ընդգծեց փաստաբանը:
Արա Ղազարյանը զուգահեռներ անցկացրեց «Քելբաջարի դիվերսանտների»՝ Ասկերովի և Գուլիևի հետ, ովքեր դատավարության ընթացքում իրենց փաստաբանների կողքին էին և կարող էին շփվել նրանց հետ: «Կատարվածի համար բացատրություն կա. իշխանությունները գործընթացը վերահսկողության տակ են պահում: Դատավարություն չկա: Սա ֆարս է»,- ընդգծեց փաստաբանը:
Նա համոզմունք հայտնեց, որ երբ գործը մտնի ՄԻԵԴ, Ադրբեջանն անխուսափելիորեն կպարտվի: Դրա համար կան նախադեպեր, օրինակ՝ Մանվել Սարիբեկյանի գործը: «ՄԻԵԴ-ը կպահանջի գործի նյութերը: Խախտվել է գործընթացի հրապարակայնությունը, մրցունակությունը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ուղղված է ներքին լսարանին: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին, նրանք ապավինում են ժամանակին, և իրականում չեն էլ հարգում ՄԻԵԴ-ը: Օրինակ, Սարիբեկյանը դեռ վնասի հատուցում չի ստացել»,- ասաց փաստաբանը: