ՄՈՒՐԱԴՈՎԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ. ԻՆՉ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԶԼՄ

Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որևէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ պարբերականի՝ այսօր Երևանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները և ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը:

Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, ՌԴ-ից՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից:

Բանակցությունների առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից։ ՀՀ պահանջներից մեկը եղել է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն հայրենիք: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, նշում է «Ժողովուրդը»: