Հայաստանի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի Հանրապետության դպրոցների 12-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգը»։ Ավարտական դասարաններում կազմակերպվող միջոցառումը կիրականացվի բացօթյա։

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերականով դիմել էր Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին միջոցառման մասնակիցների թիվը հնարավորինս սահմանափակել՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:

Նախարարությունը կոչ էր արել նաև բացառել որևէ դրամահավաք։

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունը հունիսի 4-ին իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ միջոցառումների շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։