Թքած պատերազմի վրա. պետապարատի աշխատակիցների պարգեւավճարները 2020թ. կազմել են 45 մլն դոլար

Հայաստանում 2020թ. պետապարատի աշխատակիցների պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 22 մլրդ դրամ (45 մլն դոլար)։ Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հունիսի 4-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի աշխատավարձի ֆոնդը պետական կառավարման համակարգում կազմել է 65,5 մլրդ դրամ։ Բացի այդ, աշխատավարձերից բացի, պետապարատի աշխատակիցները ստացել են նաեւ պարգեւավճարներ, որոնց ծավալն ընդհանուր առմամբ կազմել է աշխատավարձերի գումարի 30 տոկոսը։ «Պարգեւավճարները ներառում են նաեւ հարկերը։ Այսինքն, եթե դրանք հանենք, ապա կմնա մոտ 32 մլն դոլար։ Այդ միջոցները ստացել են ոչ բարձրաստիճան պաշտոնյաները, այլ պետապարատի 20 հազար աշխատակիցներ»,- հավաստիացրել է պատգամավորը՝ ի պատասխան հասարակությունում առկա խիստ քննադատությանը։

Նա նաեւ ավելացրել է, որ յուրաքանչյուր աշխատողի ամեն ամիս միջինը բաժին է ընկել 93 հազար դրամ պարգեւավճար։ Այսինքն, հարկերը հանած՝ պետապարատի աշխատակիցները ստացել են 70 հազար դրամ հավելավճար։

News.am