ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԸ ՉԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Գրեթե 7 ամիս է անցել Արցախում ռազմական գործողությունների ավարտից, և ողջ այդ ընթացքում հնչել են տարբեր խոստովանություններ, բացահայտումներ, փաստեր և հիմնավորումներ, թե ինչու 2020թ.աշնանը մեզ համար ամեն ինչ այդչափ աղետալի ավարտվեց։ Առայժմ հեռու ենք տեղի ունեցածի նույնիսկ նախնական գնահատականից, որին կարելի է հասնել միայն հատուկ և, ընդգծեմ, պրոֆեսիոնալ ու համակողմանի հետաքննության արդյունքում: Բայց մեկ հարցում այս պատերազմի գաղտնիքներին այս կամ այն կերպ առնչություն ունեցող մարդկանց շրջանում կա որոշակի կոնսենսուս. պատերազմը կարելի էր դադարեցնել նոյեմբերի 9-ից շատ ավելի շուտ, ընդ որում՝ ավելի քիչ կորուստներով և հայկական կողմի համար անհամեմատ ավելի լավ պայմաններով։
Հունիսի 2-ին դա կրկին հաստատեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն (ավելի ճիշտ՝ պաշտոնակատար) Միքայել Համբարձումյանը, որը փաստացի զբաղեցրել է այդ պաշտոնը սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 8-ը: Դավիթ Սարգսյանի «Oրախնդիր» հաղորդմանը տված հարցազրույցում նա ներկայացրեց մի շարք փաստեր և իրադարձություններ, որոնք հերթական անգամ շոկ առաջացրեցին։ Ի թիվս ամենի, Համբարձումյանը պատմեց Հայաստանի Անվտանգության խորհրդի նոյեմբերի 19-ի նիստի մասին։ Հիշեցնեմ, որ ինչպես պարզվեց ավելի ուշ, հենց այդ օրը Վլադիմիր Պուտինը Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել պատերազմը՝ տեղեկացնելով, որ համաձայնեցրել է դա Ալիևի հետ։
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի խոսքերով՝ Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը նիստի ժամանակ զեկուցել էին Փաշինյանին, որ «մենք շանս չունենք, պարտվում ենք»: Այնուհետ ամբողջական մեջբերում անեմ Համբարձումյանի հարցազրույցից։
«Շուշին ու Հադրութի կեսը մերն էր։ Ի զարմանս ինձ, ոչինչ չասվեց վարչապետի կողմից, որ ՌԴ-ն կոնկրետ արդբեջանցիների հետ համաձայնություն են ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն նույն դիրքերում, որտեղ, որ այդ պահին գտնվում են, և խաղաղապահ զորքեր մտցնեն Արցախի տարածք։ Նոյեմբերի 7-ին ինձ հետ կապվեցին իմ ռուս գործընկերներից, ասացին. «Արդեն Շուշին հանձնվել է, և տեսնում ենք, որ դուք պարտվում եք, Ստեփանակերտն է ռիսկային։ Ձեր ղեկավարին առաջարկություններ են արվել, ինչո՞ւ է դա մնում անարձագանք»։ Խնդրեցի ժամանակ տալ, կապվեցի վարչապետի հետ, ասացի՝ առաջարկություններ են արվել, ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ չեն ընունվում այդ առաջարկները, և երկրորդը՝ սա հանրային քննարկում չէ, ազգի համար կարևորագույն հարցեր են։ Խնդրեցի ընդունել ինձ։ Նա պատասխանեց. «Հիմա զբաղված եմ, չեմ կարող ընդունել»։
Այնուհետ Համբարձումյանն ասում է, որ հոկտեմբերի 20-ից հետո, երբ արդեն բացարձակ քաոս էր տիրում, իրավիճակը գործնականում անկառավարելի էր, իսկ պարտությունը՝ անխուսափելի, մեր կորուստները կազմում էին օրական առնվազն, առնվա՛զն 100 մարդ: Այսինքն եթե Փաշինյանն այն ժամանակ ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ողջ կմնար մոտ 2000 մարդ, հազարավորներ չէին վիրավորվի և հաշմանդամ չէին դառնա, փախստականները շատ ավելի քիչ կլինեին... Մենք կպահպանեինք Շուշին ու Հադրութի զգալի մասը, ամփոփեց Համբարձումյանը:
Հարկ է նշել, որ ԱԱԾ նախկին ղեկավարը ներկայացրեց նաև պատերազմի առաջին օրերին տիրող իրավիճակը, որի մասին պարբերաբար զեկուցել է «գերագույն գլխավոր հրամանատարին»։ Թե ինչու իրավիճակը հասցվեց նրան, որ դեռ երեք տարի առաջ մարտունակ, իսկ չորսուկես տարի առաջ ռազմական հզոր ագրեսիան հետ մղած բանակը և գործունակ ու ամուր երկիրն այդչափ անմխիթար վիճակում հայտնվեն՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից, առանձին հարց է։ Տվյալ դեպքում հերթական անգամ արձանագրենք արդեն անվիճելի փաստը. պետության ղեկավարին, իսկ ռազմական դրության պայմաններում՝ նաև գերագույն գլխավոր հրամանատարին, առաջին իսկ օրերից կանոնավորապես զեկուցել են անմխիթարական իրողությունների, ահռելի կորուստների և անխուսափելի պարտության մասին, ընդ որում բառացիորեն օրըստօրե այդ պարտության պայմանները վատթարացել են ամեն առումով։
Պատերազմի սկսվելուց 22 օր անց միջնորդ երկիրը, որն առավել մեծ ազդեցություն ունի երկու կողմերի վրա, իր ղեկավարի շուրթերով առաջարկում է Փաշինյանին դադարեցնել պատերազմը և ընդգծում, որ հակառակորդը համաձայն է կանգ առնել զբաղեցրած դիրքերում։ Բայց Փաշինյանն այդ մասին չի զեկուցում Անվտանգության խորհրդի նիստում, թեև նույնիսկ այդպիսի տխմարին պիտի ակնհայտ լիներ ինչպես իրավիճակի անելանելիությունը, այնպես էլ դրա է՛լ ավելի ողբալի հեռանկարները պատերազմի շարունակման դեպքում։
Նա ոչ միայն միտումնավոր թաքցնում է այդ առաջարկը ԱԽ անդամներից, Գլխավոր շտաբից, մյուս ուժային կառույցների ղեկավարությունից, այլև պատասխանում մերժումով։ Դրանով իսկ միանձնյա և դիտավորյալ (այլ եզրահանգում լինել չի կարող) մահվան դատապարտելով հազարավոր հայրենակիցների, հազարավորների էլ՝ խեղման, հարյուրավորների՝ գերեվարման։ Թշնամու կողմից զավթման դատապարտելով Շուշին ու Հադրութը։ Դատապարտելով երկիրը ողբերգության և ազգային աղետի, որոնց չափերը համադրելի են լոկ դարասկզբի Ցեղասպանության հետ։ Ողջ հայությանը դատապարտելով Արցախի կորստի, ազգային արժանապատվության կորստի, վշտի, սարսափի ու մղձավանջի…
Հույզերից շեղվելը շատ դժվար է։ Այդուհանդերձ ի հայտ են գալիս մի շարք հիմնավորված հարցեր, որոնց պատասխանների բացակայության դեպքում մեզ սպասվում է նույնքան անմխիթար ապագա։ Եվ դրանցից գլխավորը հետևյալն է. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել Պուտինի առաջարկից։
Միքայել Համբարձումյանը հարցազրույցում առաջ է քաշում իր վարկածը, որը հանգում է աշխարհաքաղաքական պատճառների, մասնավորապես՝ տարածաշրջանից Ռուսաստանին իսպառ դուրս մղելուն, այդ թվում Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը՝ որպես հաջորդ քայլ։ ԱԱԾ նախկին տնօրենի հետ վիճելն անշնորհակալ գործ է բոլոր առումներով՝ հաշվի առնելով տեղեկացվածության աստիճանի տարբերությունը։ Դրա հետ մեկտեղ, ևս մեկ ճշմարտանման տարբերակ բխում է այն յոթ ամիսներից, որ մենք ապրեցինք նոյեմբերի 9-ից հետո։
Նիկոլին ու իր տերերին՝ թուրքերին, պետք էր բնավ ոչ պարտություն, որը կհանգեցներ Մադրիդյան սկզբունքների իրականացմանը, ինչին համաձայն էին Մինսկի խմբի համանախագահները։ Իրականում, եթե պատերազմը դադարեցվեր հոկտեմբերի 20-ին, Արցախը հայկական կմնար ԼՂԻՄ-ի սահմաններով՝ հետագա քննարկմամբ և կարգավիճակի որոշմամբ։ Բայց Նիկոլին ու իր թուրք տերերին քիչ էր Արցախի և Հայաստանի լոկ պարտությունը. նրանց պետք էր ազգային արհավիրք, աղետ։ Այնպիսի բան, ինչը ոչ թե պարզապես կհարվածեր, այլ կջախջախեր, կխլացներ, կկուրացներ, կստիպեր սահմռկել, երկար ու խոր վշտի մեջ քարանալ ողջ ժողովրդին։ Կպատճառեր այնպիսի աներևակայելի ցավ, որը կաթվածահար կաներ չնչին իսկ դիմադրության, իրականությունը չընդունելու, ռևանշի ձգտելու, ծնկաչոկ վիճակից ոտքի կանգնելու և պետության հզորացման, բանակի վերականգնման, նախկին Արցախը վերադարձնելու մասին մտածելու մեր կամքը…
Պետք էին այնպիսի վիթխարի կորուստներ ու զոհեր, որ տևականորեն, եթե ոչ հավերժ, կոտրեին հայ ժողովրդին և ստիպեին նրան ապրել թուրքական լծի տակ, և արդեն կարևոր չէ՝ ուղղակի, թե փոխաբերական իմաստով։ Նաև դա է պատճառը, որ Նիկոլը թաքցրեց Մոսկվայի առաջարկն ու որոշեց շարունակել պատերազմը, ինչպես պայմանավորվել էին Ալիևի ու Էրդողանի հետ։ Կարելի է ենթադրել, որ Ալիևը պարզապես ձևացրել է, թե համաձայն է կանգ առնել, շատ լավ իմանալով, որ Նիկոլը մերժելու է առաջարկը։ Կարելի է ենթադրել ինչ ասես, բայց փաստը մնում է փաստ. պատերազմը շարունակվեց մինչև հայերի համար աղետալի ավարտ, թեև կարող էր դադարեցվել։ Եվ այդ «թեև»-ը որոշվեց միանձնյա, մեկ մարդու կողմից, որը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել սեփական մեղքը և արդեն հայտարարում է, որ հպարտանում է պարտությամբ։ Մինչդեռ միանգամայն ակնհայտ է. առնվազն այն 1800-2000 տղաների մահը, որոնք զոհվել են հոկտեմբերի 20-ից հետո, միայն ու միայն Փաշինյանի խղճին է։
ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԸ. Միքայել Համբարձումյանի հայտարարությունները, որը պատերազմի օրերին եղել է երկրի ամենաիրազեկ մարդկանցից մեկը, ոչ այլ ինչ են, քան հաղորդում հանցագործության մասին: Ճիշտ այնպիսի, ինչպիսիք նախկինում հնչեցրել են Մովսես Հակոբյանը, Միքայել Մինասյանը, Գառնիկ Իսագուլյանը, նույնիսկ Օնիկ Գասպարյանը, մի շարք այլ ռազմական ու քաղաքական գործիչներ, պատերազմի շարքային մասնակիցներ, ռուսական աղբյուրներ... Հարց Գլխավոր դատախազությանն ու անձամբ Արթուր Դավթյանին. դեռ քանի՞ հաղորդում է պետք հանցագործության մասին, որպեսզի քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ և սկսվի պատերազմի 44 օրերի ընթացքում նրա արած-չարածի հետաքննությունը։
Իսկ ամենասարսափելին այն է, որ աղետը շարունակվում է։ Ամեն օր երկիրն ու մենք ամենքս ցնցվում ենք նոր մղձավանջներից։ Ուրիշ ի՞նչ կերպ անվանել Աբովյանի դիահերձարանում աճյունների հետ կապված վերջին սկանդալը: Ուրիշ ի՞նչ կերպ անվանել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններին. շուտով կլրանա մեկ ամիսն այն օրից, երբ թուրքերը անարգել հաստատվեցին բառացիորեն մեր կողքին և հեռանալ մտադիր չեն։ Ուրիշ ի՞նչ կերպ անվանել այն ամենը, ինչ մեզ հետ անում են երիտհայերը կամ նիկոլաթուրքերը։ Նրանց էությունը չի փոխվում, ինչպես էլ որ անվանես։
Դա չի էլ ավարտվի, որովհետև նրանք դեռ շարունակում են իրենց սև գործը։ Աղետը դեռ չեն հասցրել ավարտին, քանզի մենք դեռևս դիմադրում ենք, չենք հանձնվում, դուրս ենք պրծնում ճանկերից և փորձում նույնիսկ հեռացնել նրանց։ Քանզի նիկոլոթուրքերին հեռացնելը միակ միջոցն է՝ կասեցնելու 2018-ի մայիսին սկսված աղետը, որն առաջին պտուղները տվեց սեպտեմբերի 27-ին, իր գագաթնակետին հասավ նոյեմբերի 9-ին և սպառնում է վերջնականապես կործանել մեզ հունիսի 20-ից հետո, եթե դրանք մնան: