Գեղարքունիքում ադրբեջանցիները փորձել են գողանալ Վերին Շորժա գյուղի ձիերը. ՄԻՊ

Այսօր` հունիսի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի արոտավայրի հովվի շուրջ 20 ձիերը, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում: Ադրբեջանական զինված ծառայողներն, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը: ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը»,– հայտնում է պաշտպանը:

Թաթոյանը հիշեցնում է, որ Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների հանցավոր արարքները սկսվել են դեռ մայիսի 12-ից, երբ նրանք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

«Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,–նշում է Արման Թաթոյանը։

Sputnik Արմենիա