ԱՄՆ Դեսպանատունը հերքում է. Լին Թրեյսին Սյունիքում ՀՀ վարչապետի ու նախագահի հետ չի հանդիպել

Այս տարի ապրիլին Սյունիքի մարզում գտնվելու ընթացքում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին չի հանդիպել կամ խոսել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` հերքելով դեսպանի մարզային այցից հետո արդեն մի քանի շաբաթ մամուլում շրջանառող տեղեկությունները, որոնց համաձայն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Սյունիքում գաղտնի հանդիպումներ են ունեցել ԱՄՆ դեսպանի հետ։

«Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,– ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։