Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԻՆՁ ԱՊՇԵՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Ադրբեջանը խոշտանգել ու սպանել է 19 հայ ռազմագերու։ Սպանել է դաժանորեն, ողջ-ողջ խոշտանգելով տղաներին։
Երեկ ընտրական հիստերիայի մեջ քվե մուրացող կապիտուլյանտը բղավում էր, թե գերիները կներեն, որ մեկ-երկու ամիս էլ սպասեն։
Իշխանությունն ամեն գնով պահելու էս այլասերության աստիճանը այլևս վախենալու է։
Մարդը իշխանությունը չտալու համար պատրաստ է սրբապղծության բոլոր հնարավոր ակտերի, պատրաստ է անամոթ ստի և հակահիգիենիկ մանիպուլյացիայի բոլոր կարմիր գծերի վրա պառկելու։
Այս մարդը չունի «չի կարելիների» կարմիր գծեր, էս մարդը չունի որևէ տաբու, որը չի անցել ու չի անցնելու աթոռը չհանձնելու համար։ Բայց իրենից ավելի զզվելի է էն ամբոխը, ով դժոխային հրճվանքի ճիչեր էր արտաբերում ու ծափ տալիս, երբ կապիտուլյանտն ասում էր, թող գերիները մի քանի ամիս էլ սպասեն։
19 գերի արդեն սպանվել է։
Մենք լռելայն գիտենք ու էդ մասին չենք խոսում, որ խոշտանգված, անարգված ու սպանված գերիների թիվը շատ ավելի մեծ է։ Գիտենք, բայց լռում ենք, որովհետև չենք ուզում սպանել իր որդուն սպասող մոր վերջին հույսը։
Ու բարոյալքված ամբոխը հրճվագին ծափահարում է մեր տղաների գերեվարման ու սպանության փաստին։
Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը։
Ես հասկանում եմ, որ վիշտը լռություն է սիրում։ Բայց ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այն լռությունը, երբ իշխանությունը կորցնելու վախը զգացող հողատուն ձեր որդիներին սարքել է նախընտրական քարոզչական մանրադրամ ու շաղ է տալիս իր նմանների առաջ։
Գերությունից փրկված տղաները պատմում են իրենց ամեն օրի ու ամեն ժամի արհավիրքը, իսկ հողատուն ծաղրում է Բաքվի բանտում ամեն վայրկյան մահվան սպասող հայ զինվորին։
Ես նայել եմ սկայպով Բաքվի բանտից իր ծնողի հետ մի քանի վայրկյան խոսացող հայ ռազմագերու աչքերին։
Այդ աչքերում չկար հույս։
Այլևս չկար։
Իսկ իր հակահիգիենիկ քարոզարշավի արդյունքում ամեն օր ավազի նման փլվող իշխանությունը պահելու համար հողատուն անարգում է հայ ռազմագերուն, իր նմանները հրճվագին ծափ են տալիս ու խրախճանում, իսկ ծնողները լուռ են։
Անգամ Հաննիբալ Լեկտերը իր զոհերից նման լռություն չէր սպասի»։