ԿԸՀ․ Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: ԿԸՀ-ն այս որոշումն ընդունեց այսօր կայացած նիստում:
«Դա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ է: Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն առաջակվում է տալ թույլտվություն «Յուքոմ» ընկերությանը հիշյալ գործառույթն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: