ԻՍԿ ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆ ԱԳՆ-Ն

Կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ Արտաքին գործերի նախարարությունը լիովին կտրված լինի հասարակական-քաղաքական կյանքից՝ թեկուզ մեկ ղեկավարի և պաշտոնական ներկայացուցչի բացակայության պատճառով: Դժվար թե։ Փաշինյանի և գռեհիկ արտահերթ ընտրությունների ժամանակների Հայաստանը զուրկ է արտաքին քաղաքական գերատեսչությունից, հետևաբար ՝ պետության արտաքին քաղաքականության իրականացման մեխանիզմներից։ Եվ դա՝ անվտանգային բնույթի բարդագույն և սուր խնդիրների խորապատկերին, որոնք պահանջում են սերտ ու շարունակական համագործակցություն օտարերկրյա գործընկերների հետ։

Այժմ, ձեռքը սրտին դրած, պատասխանեք ինքներդ ձեզ. ո՞ւմ է դա ձեռնտու։ Եվ ո՞վ է արել ամեն ինչ, որպեսզի նման անհավանական իրավիճակը դառնա իրականություն։ Նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ ազգին ու պետությանը պատուհասած աղետի մասին, հրաժարական տվեց միայն ՀՀ ԱԳ նախարարը, նրա մամուլի քարտուղարն անգամ չթողեց պաշտոնը, և կառույցը շարունակում էր գոնե կենդանության նշաններ ցուցաբերել։ 7 ամիս անց նախարարության ողջ ղեկավարությունը հեռացել է, և այսօր համընդհանուր անտերության և պետական կառավարման քաոսի խորապատկերին, վարչապետի պաշտոնակատարի և կառավարության մի քանի անդամների արձակուրդի խորապատկերին, թշնամու ագրեսիայի առջև Պաշտպանության նախարարության բացարձակ անգործության պայմաններում մենք ԱԳՆ պարզապես չունենք։

Եվ դեռ երկար չենք ունենա։ Լավագույն դեպքում, զուտ տեսականորեն, եթե իրադարձությունները զարգանան հանգիստ, առանց ցնցումների, առանց երկրորդ փուլի, առանց արդյունքների վիճարկման, առանց բախումների և առանց ՍԴ-ում ընթացող դատավարությունների, ապա նախարար կնշանակվի ավելի քան մեկ ամիս անց։ Վատթարագույն դեպքում դա կձգձգվի շատ ավելի երկար ժամանակ, որի ընթացքում պետությունը զրկված կլինի արտաքին քաղաքական գործունեության իրականացման լծակներից, գործիքակազմից ու մեխանիզմներից։ Թույլ տվեք շատ մեծ հավանականությամբ պնդել, որ Նիկոլ Փաշինյանին դա ձեռնտու է շատ պարզ պատճառով. դա ձեռնտու է Ալիևին։ Միջազգային ասպարեզում Հայաստանի ձայնը լռեցվել է անորոշ ժամանակով, և նույնիսկ հաշվի առնելով կառույցի աշխատանքի թուլությունը, անվստահությունը, անբավարար համոզչությունն ու անհամարժեքությունն իրադարձություններին, դա չի կարող չանդրադառնալ պետության շահերի, վարկի և հեղինակության վրա:

Ամենապարզ ու ժամանակային առումով ամենավերջին օրինակը. երեկ գերեվարվել է հերթական հայ զինծառայողը։ Դա տեղի է ունեցել շատ կասկածելի հանգամանքներում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանափակվեց շատ կարճ հաղորդագրությամբ. մոլորվել է մառախուղի պայմաններում։ Չոր հաղորդագրության երկու տող և ոչ մի բառ ի պաշտպանություն զինվորի, ոչ մի բառ վերադարձնելու պահանջի մասին, ոչ մի բառ միջազգային համապատասխան կոնվենցիաների մասին. գոնե հանուն ձևաթղթի։ Պաշտպանության նախարարությունն ինքը վարժվել և մեզ էլ վարժեցնում է ապրել ոչ միայն զինծառայողների, այլև մեր՝ քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող մշտական վտանգի պայմաններում՝ երկրի ցանկացած կետում:

Օրինակ, Պաշտպանության նախարարությունը վաղուց մոռացել է ադրբեջանական ղեկավարությանը հասցեագրված սեփական նախազգուշացումն այն մասին, թե իբր՝ եթե «ողջամիտ ժամկետներում» նրանց ստորաբաժանումները չլքեն ՀՀ սահմանները, ապա կդիմենք այլ միջոցների։ Պաշտպանության նախարարությունն ընդ որում չբարեհաճեց զգուշացնել բոլորին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին, որ ողջամիտ ժամկետները Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի (ի դեպ, ո՞ւր է այդ վայ-շտաբի պետը, ինչ-որ չի երևում) ընկալմամբ անժամկետ են։ Հիշում եմ, Փաշինյանն ինքը ամպագոռգոռ հայտարարում էր ՄԱԿ դիմելու մտադրության մասին, եթե, իբր, ՀԱՊԿ-ին դիմելն անարդյունավետ լինի... Եվ ի՞նչ։ Ոչինչ. Ընդամենը սովորական փաշինյանական օդացնցում և սուտ, սուտ, սուտ…

Վերադառնանք, սակայն, ԱԳՆ-ին։ Արա Այվազյանի հրաժարականի պահից ի վեր այդ գերատեսչությունը մի բառ անգամ չի արտաբերել, բացի նրա չորս տեղակալների հրաժարականների հաստատումից։ Նախարարությունում ոչ ոք հարկ չի համարում արձագանքել Ալիևի և Բայրամովի լկտի հոխորտանքին, ոչ ոք չի փորձում հայտարարություն անել գերեվարված հայ զինծառայողի մասին և դիմել միջազգային ատյաններ։ Ո՞ւմ է ձեռնտու նման իրավիճակը։ Ճիշտ է, Ալիևին ու Փաշինյանին։

ԱԳՆ-ը բացարձակ կաթվածահարության մեջ է հայտնվել միանգամից մի քանի հավասարաչափ սուր խնդիրների խորապատկերին։ Դա, նախ, գերիների հարցն է, որը դեռ մեկ ամիս առաջ բավական լուրջ միջազգային արձագանք ստացավ. մեկը մյուսի հետևից բանաձևեր էին ընդունվում տարբեր երկրներում ու կազմակերպություններում։ Ալիևի վրա ճնշումն աճում էր, և դա ակնհայտ էր։ Այդ գործընթացում ԱԳՆ-ի ջանքերը նկատելի էին ՝ օրգանական կերպով միահյուսվելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սփյուռքի զուգահեռ ակտիվ աշխատանքի հետ։

Ահա արդեն 10 օր է (ըստ էության՝ Այվազյանի հեռանալուց անմիջապես հետո), ամեն ինչ գործնականում անշարժացել է. աշխատում է, ինչպեսև նախկինում, միայն Արման Թաթոյանը։ Տեսեք, թե ինչպես ակնթարթորեն ակտիվացավ Բաքուն. մեկը մյուսի հետևից սկսվում են անհեթեթ և միջազգային իրավական նորմերին հակասող դատական զավեշտախաղեր. պարզապես ինքնադատաստան տասնյակ հայ գերիների հանդեպ։ Պաշտոնական Երևանը լռում է։ ՀՀ տարածքում սպանում են հայ զինծառայողի։ Պաշտոնական Երևանը լռում է։ Հայաստանի տարածքում գերեվարված (!!!) հայ զինծառայողներին ոչ միայն չեն վերադարձնում, այլև տեղափոխում են Բաքու։ Պաշտոնական Երևանը լռում է։ Ադրբեջանական զինուժը անասուններ է գողանում, ահաբեկում տեղի հայ բնակչությանը, կրակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղղությամբ: Պաշտոնական Երևանը լռում է։

Եվ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, Բաքուն չգերեվարի հայ զինծառայողներին, եթե Ալիևին ամեն ինչ ներվում է, իսկ Փաշինյանը զբաղված է միանգամայն այլ խնդիրներով։ Նշեք դա չանելու թեկուզ մեկ պատճառ…

Միջնորդները կանոնավորապես խոսում են Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման, հայ-ադրբեջանական սահման համանախագահների հնարավոր այցի, հակամարտության երկարաժամկետ կարգավորման և Արցախի կարգավիճակի քննարկման անհրաժեշտության մասին։ Ո՞վ է կատարելու այդ աշխատանքը. անմեղսունակ Փաշինյա՞նը։ Ո՞վ է հանդիպելու ադրբեջանցի նախարարի հետ, եթե կառավարության կազմավորումը ձգձգվի մի քանի ամսով։ Ո՞վ է կապ պահպանելու այլ երկրների գործընկերների հետ, բանակցելու, տեղեկացնելու իրավիճակի մասին, հանդիպելու հավատարմագրված դեսպանների հետ: Միայն Բայրամովը, որովհետև Երևանում ԱԳՆ չկա։ Այվազյանը լավ թե վատ, բայց կատարում էր այդ աշխատանքը, իսկ հիմա դա անող չկա։ Եվ կառավարությունում ոչ մեկին դա ընդհանրապես չի մտահոգում։

Ո՞ւմ է դա ձեռնտու, եթե ոչ Ալիևին ու Փաշինյանին։

Բաքուն արագացված տեմպերով նպատակաուղղված աշխատանք է տանում բռնազավթած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության նշանավոր հուշարձանների ոչնչացման, կեղծման և յուրացման ուղղությամբ: Գրեթե ամեն շաբաթ հայտնվում են հայկական մշակույթի և Հայ Եկեղեցու ոսկե ֆոնդը կազմող տաճարների քանդված գմբեթների, ոչնչացրած խաչերի, «վերանորոգման աշխատանքների» լուսանկարներ։ Առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպես էլ չի բարեհաճել առաքելություն կազմակերպել Արցախ, որպեսզի կազմի տեղի ունեցող ամենի պատկերը։ Դեռ պատերազմի ընթացքում, իսկ ավելի ակտիվ՝ մարտական գործողությունների ավարտից հետո այդ առաքելության մասին խոսում են բոլորը, բայց Բաքուն դեմ է այցին։

Ո՞վ, եթե ոչ ՀՀ ԱԳՆ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովը, որի նախագահն էր նաև Արա Այվազյանը, պետք է աշխատանք տանի այն ուղղությամբ, որ առաքելությունն իրականացվի։ Ո՞վ, եթե ոչ ԱԳՆ-ն և հիշյալ հանձնաժողովը, պետք է համապատասխան կառույցներին հասցնեն այն պարզագույն միտքը, որ եթե Ալիևն արգելում է փորձագետների մուտքը Արցախ, ուրեմն թաքցնելու բան ունի։

Այդ աշխատանքը փաստորեն նույնպես սառեցված է առնվազն 1-2 ամսով։ Մենք հասկանո՞ւմ ենք աղետի մասշտաբներն ու հետևանքները նաև այդ հարցերում։ Ո՞ւմ է դա ձեռնտու, եթե ոչ Ալիևին ու Փաշինյանին, որը պատերազմից հետո մատը մատին չի տվել ու ոչ մի անգամ մի բառ անգամ չի ասել այդ թեմայով։

Հիմա փորձեք փաստարկներ բերել այն տարբերակի օգտին, թե Նիկոլին շահավետ է ունենալ պրոֆեսիոնալ ու փոքրիշատե գործունակ ԱԳՆ։ Մանավանդ որ այնտեղ աշխատում են ոչ թե քայլառաստներ, որոնք լիովին ենթարկվում են իրեն ու Ալիևին, այլ մարդիկ, որոնք կարող են գոնե մեկ անգամ հայտարարել, օրինակ, այն մասին, որ Շուշիի հարցը երբեք չի քննարկվել բանակցությունների ընթացքում։ Մարդիկ, որոնք, այո՛, կես տարի շարունակ իրոք լուռ ենթարկվել են նրան և անկարող եղել, ինչպեսև, ի դեպ, մյուս առանցքային պետպաշտոնյաները, ազնվորեն ու բացահայտ ներկայացնել հասարակությանը տեղի ունեցող ամենը, բայց իրենց մեջ ուժ են գտել, թեկուզև աններելի ուշացումով, բայց շրխկացնել դուռը։

Այվազյանի այն հայտարարությանը, որ անհնար է համաձայնություն տալ գաղափարներին, նախաձեռնություններին, որոնք «մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», աջակցեցին նրա բոլոր չորս տեղակալները, ինչը նշանակում է, որ կասկածից վեր է իշխանության արտահայտած այդօրինակ գաղափարների և նախաձեռնությունների առկայությունը։ Հետևաբար, ԱԳՆ-ի գլխատումը անկասկած ու անվերապահորեն ձեռնտու է Փաշինյանին. որպեսզի կառավարությունում չմնա ոչ ոք, ով կարող է խանգարել իրեն իրականացնել Ալիևի և Էրդողանի ծրագրերը։ Կամ՝ առնվազն ակնարկել այդ վտանգի մասին։

Արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանը վերջին շրջանում արել է մեն-միակ քայլ. Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակել Վլադիմիր Կարապետյանին՝ բավական խորշելի անձի, Տեր - Պետրոսյանի ֆավորիտին, որը, ըստ արժանահավատ ու անհերքելի տվյալների, կապավոր է իր և Ալիևի միջև։ Հենց Ուկրաինայում, քանի որ, համաձայն նույն այդ տվյալների, սույն խորշելի անձի կինը Ալիևի ներկայացուցիչների հետ հանդիպում է Կիևում։ Դա կենսական կարևորություն ուներ Փաշինյանի համար, և նա դա արեց։

Լիլիթ Մակունցն ագրեման է ստացավ է՛լ ավելի վաղ և անհամբեր սպասում է ընտրություններին, որպեսզի թռնի ԱՄՆ, չունենալով դիվանագիտական աշխատանքի չնչին իսկ փորձ։

Ներողություն արտահայտությանս համար, հավատարիմ շներ, դեսպաններ Կիևում և Վաշինգտոնում. ահա ամենը, ինչ պետք է Փաշինյանին։ Նրա ինչի՞ն է պետք մի ամբողջ ԱԳՆ-ն, մանավանդ որ վերջին շրջանի բոլոր կարևորագույն բանակցությունները փաստացի ընթանում են նախարարության շրջանցումով։ Հայաստանի ինչի՞ն է պետք առհասարակ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ճիշտ այնպես, ինչպեսև այլ նախարարությունները. մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի։ Եվ ընդհանրապես, մեր ինչի՞ն է պետք պետությունը, երբ կա Նիկոլ Փաշինյան։

Ո՞ւմ է դա ձեռնտու։ Կռահեք ինքներդ։