ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ, անդրավարտիք նետեցին կառավարության առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բավական լարված իրավիճակ է։ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում` հայտարարելով, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան է։

 


Երիտասարդները ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեց կառավարության առջև` գետնին, հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։

«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,–հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետեց գետնին։

Մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտնեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ կանխամտածված է քայլեր արել, որպեսզի երկիրը հասնի այս վիճակին։

Երիտասարդի խոսքով` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի առաջին օրվանից ռազմական դրություն է հայտարարել, սակայն զորահավաքը պատշաճ կերպով չի իրականացրել։ Բացի այդ, պատերազմի օրերին չի օգտագործել մեր զինանոցում գտնվող ողջ տեսակները, փաստացի պաշտպանել է թշնամու շահերը` չգնդակոծելով նրա ենթակառուցվածքներն այն դեպքում, երբ թշնամին մեր հիվանդանոցները, մանկապարտեզներն էր ռմբակոծում։

Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին տարածքն աղտոտելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia։