Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողի հարցով ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց կկիրառի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին` ՀՀ կառավարության դիմումին: Տեղեկությունը Facebook–ում հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։

Նշենք, որ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի էր գերեվարել։

«Նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ հունիսի 8–ին Եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: