Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ. ԲԱՔՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՆԵՏԵԼՈՒ ՌԻՍԿԻ Է ԴԻՄՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ըստ էության, հաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը: Մոսկվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որի օրակարգում ընդգրկված է Ղարաբաղի կարգավիճակի ապագա որոշման հարցը: Ռուսաստանը գործում է Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Բաքուն կարծում է, որ հակամարտությունն ավարտված է, և որ այժմ անհրաժեշտ է լուծել ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի տարածքում (որը Ադրբեջանը իրավաբանորեն իրենն է համարում) ռուս խաղաղապահների, այսպես կոչված, ժամանակավոր մնալու հարցը:

Սակայն Բաքվի այս դիրքորոշումը համաշխարհային հանրության կողմից աջակցություն չի գտնում, և Ադրբեջանը համաշխարհային հանրությանը մարտահրավեր նետելու ռիսկի է դիմում»,- ասաց նա: Փորձագետը հիշեցրեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ընտրություններ են տեղի ունենալու, երկիրը չունի արտգործնախարար, և երբ ձևավորվի կայուն իշխանություն, որի հետ հնարավոր կլինի երկխոսություն վարել, այդ դեպքում գործընթացը կսկսվի: Նրա խոսքով, ամեն ինչ հուշում է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, առաքելություն են պատրաստում տարածաշրջան: Հարցն այն է, թե ինչպես նրանք կգործեն և ինչպես կհամաձայնեցնեն օրակարգը: «Երևանի հետ կապված իրավիճակը հասկանալի է՝ նա միշտ կողմ է եղել կարգավիճակի վերաբերյալ երկխոսությանը:

Բաքվի հետ կապված իրավիճակը այնքան էլ պարզ չէ՝ հանրային հարթության մեջ ասում են մի բան, իսկԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զրույցում՝ բոլորովին այլ բան: Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Բաքուն ստիպված կլինի սկսել այդ խնդրի քննարկումը»,- հավելեց Տարասովը: Այս պահին գործում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու մասին կետ է ներառում: Մյուս կողմից, ինչպես նշեց քաղաքագետը, իրավաբանորեն նրանց չի կարելի խաղաղապահներ անվանել, քանի որ այդ կարգավիճակը դեռ պետք է ստանալ Մինսկի խմբից, ՄԱԿ-ից և այլն: «Սակայն առակժմ խոսքը Ղարաբաղի տարածքում սահմանափակ ռուսական զորակազմի գտնվելու մասին է:

Շրջանակային համաձայնագրերը վերջնական չեն համարվում: Եթե միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստորագրվի նոր համաձայնագիր և ռուսական զորախումբը անվանվի խաղաղապահ, ապա կարող են որոշվել ժամկետները և այլ պայմաններ: Բացառված չէ, որ ռուսական զորակազմը կարող է մնալ Ղարաբաղում, քանի դեռ նրա կարգավիճակը չի որոշվել: Բացառված չէ նաև, որ ֆրանսիացիները կարող են բարձրացնել ռուս խաղաղապահներին որևէ այլ զորակազմով լրացնելու հարցը»,- պարզաբանեց նա: Փորձագետը չբացառեց նաև այն սցենարը, որի դեպքում Բաքուն և Մոսկվան առանց Երևանի կպայմանավորվեն կարգավիճակի հարցում: Դա կնշանակի խաղ Մինսկի խմբից դուրս: «Կա նաև երկրորդ տարբերակ, որի դեպքում Մոսկվան դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբից, շարունակում է աշխատել՝ համարելով, որ կարգավիճակը պետք է որոշվի հենց այս ձևաչափով:

Այս ամենը առայժմ տեսություն է: Ամեն ինչ կախված կլինի Հայաստանի ընտրությունների արդյունքներից: Հիմա, դատելով Լավրովի հայտարարություններից, Մոսկվան կարծում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մի կետում ասվում է, որ ռուսական զորամիավորումը հինգ տարով է եկել Ղարաբաղ, և միջանկյալ որոշում է հանդիսանում: Ամեն ինչ կախված կլինի իրադարձությունների զարգացումից և նրանից, թե ինչպես կանցկացվի երկխոսությունը Երևանի և Բաքվի միջև, ինչպես կկատարվեն խաղաղ համաձայնագրի պայմանները, ինչպես կլուծվեն Սյունիքի, սահմանների և այլ խնդիրները»,- եզրափակեց Տարասովը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այս պահի դրությամբ արժե շեշտը դնել տարածաշրջան խաղաղ կյանքի վերադարձի վրա:

News.am