Վարդան Ոսկանյան․ ՀՀ անվտանգության ապահովումը ունի ամենաառաջնային նշանակությունը

«Հայտնի գործարքի կնքման հետևանքով Մերձավոր Արևելքում Իրանը հանդես է գալու բոլորովին փոփոխված կամ ավելի հզորացած կարգավիճակով, ինչը լայն հնարավորություններ է բացում նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում»,-ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա դիտարմամբ, ակնհայտ է, որ իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ամենևին ընդունելի չեն։

«Իրանցիները հասկացել են, որ այս տարածաշրջանն առերսվում են նոր մարտահրավերների ու վտանգների հետ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, միջազգային ահաբեկչությանը, որի դեմ Իրանը տարիներ շարունակ պայքարել է Մերձավոր Արևելիքի տարբեր կետերում՝ Սիրիայում, Իրաքում և այլուր։ Հետևաբար այս համատեքստում ստեղծվել են որոշակի հնարավորություններ իրանական կողմի հետ ամրապնդել ոչ միայն քաղաքական ու տնտեսական այն բոլոր օրակարգերի իրականացման հեռանկարները, որոնք մինչև այժմ գոյություն են ունեցել Հայաստան-Իրան հարաբերություններում, այլ նաև ստեղծել համագործակցության նոր միջավայրեր, հարթակներ, որոնք ուղղված կլինեն հակաահաբեկչական համատեղ պայքարին կամ ավելի լայն իմաստով Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը, այսինքն, ըստ էության, դաշինքն առաջնային է դիտարկում ՀՀ անվտանգության տարբեր բաղադրիչները, այդ թվում նաև սահմանային անվտանգությունը, այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով և այս հարթությունում դաշինքը գնալու է երկու ճանապարհով.

«Հայաստանի հզորազում իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ, խոսքը վերաբերում է թե բանակին, թե անվտանգությունն ապահովող այլ բաղադրիչներին։ Երկրորդ ուղղությունը միջազգային գործընկերների հետ գերակտիվ դիվանագիտական և գործընկերային աշխատանքի հարթությունն է և այդ հարթության մեջ Իրանն ունի չափազանց կարևոր դերակատարություն»։

Վ. Ոսկանյանն ասաց, որ դաշինքի համար հենց անվտանգային հարթությունում, ամենակարևոր ուղղություններից մեկը, բնականաբար, ՌԴ-ի հետ հարաբերությունների հնարավորին խորացումն ու ամրապնդումն է վստահելի և կանխատեսելի բարեկամական հարաբերությունների հարթակի միջոցով։

«Ըստ էության, մենք պետք է հայ-ռուսական հարաբերություններն վերածենք գործընկերային այնպիսի նոր որակ ունեցող հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, կդիտարկվի որպես վստահելի ու կանխատեսելի գործընկեր»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ նաև հայ-ռուսական հարաբերություններում ձևավորվել են նոր տիրույթներ. խոսքը վերաբերում է ռուս խաղաղապահերի ներկայությունը մեր տարածաշրջանում և ռուսական ռազմական ներկայության աճին մեր տարածաշրջանում։

Վարդան Ոսկանյանը հայտնեց, որ իրենք նաև նախատեսում են եռակողմ և բազմակողմ ձևաչափերի ստեղծում գործընկեր և բերակամ պետությունների հետ։ Խոսքը վերաբերում է Հայաստան-Իրան-Ռուսաստան գործակցության հնարավոր ձևաչափի ստեղծմանը, Հայաստան-Իրան-Հունաստան ձևաչափի վերակենդանացմանը, խորացնելու են հարաբերությունները հեռավոր Արևելքի երկրների հետ, բնականաբար խոսքը գնում է Չինաստանի մասին, տեղեկացնում է Panorama.am-ը։