ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Վրաստանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երախտագիտություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին նպաստելու համար: Քաղաքական գործիչն այս մասին գրել է Twitter-ում:
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը՝ կողմերի միջև բանակցություններին նպաստելու գործում նրա կենսական կարևոր դերի համար: Նման քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,- գրել է պետքարտուղարը:
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը Facebook-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակել։
«Մենք շարունակում ենք կոչ անել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին և պատրաստ ենք օգնել տարածաշրջանի երկրներին` համագործակցությունը շարունակելու և առկա խնդիրները լուծելու նրա ջանքերում:
Մենք նաև շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման բանակցությունների համար»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: