Երևանում մեկնարկել է «Լազարյան ակումբի» նիստը

Երևանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» չորրորդ նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում մեկամյա ընդմիջումից հետո։

Հայ և ռուս առաջատար քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները քննարկում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական իրավիճակը 44-օրյա պատերազմից հետո, հայ-ռուսական օրակարգի առանցքային հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և այլ թեմաներ:

Ակումբի չորրորդ նիստի նպատակը Հայաստանի և ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ ուղիղ երկխոսությունն է։

Միջազգային «Լազարյան ակումբը» ստեղծվել է 2018 թ-ին՝ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք հայտնի քաղաքական գործիչների, գործարարների, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների ու մշակույթի վարպետների նախաձեռնությամբ:

Ակումբն անվանել են հայազգի հռչակավոր մեկենասների ընտանիքի՝ Լազարևների պատվին, որոնք 19-րդ դարում հիմնել են Արևելյան լեզուների ինստիտուտը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի նախատիպը։ Ակումբի նպատակը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ վստահությունը և դաշնակցային փոխգործակցությունն ամրապնդելն է՝ արդիական օրակարգի ամենակարևոր թեմաների շուրջ մեր երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև կարծիքների ոչ պաշտոնական և ազատ փոխանակման միջոցով, տեղեկացնում է Sputnik Armenia։