Խաղաղապահները բժշկական սարքավորումներ են փոխանցել Ստեփանակերտի մանկական հիվանդանոցին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական օգնություն են հասցրել մանկական հիվանդանոցներին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ստեփանակերտի մանկական հիվանդանոցներից մեկին ռուսական բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են մասնագիտացված բժշկական սարքավորումներ, միանգամյա օգտագործման բժշկական հագուստ և ախտահանիչ միջոցներ։

«Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում իրականացվել է հումանիտար-բժշկական ակցիա՝ մասնագիտացված բժշկական սարքավորումների հանձնում, որոնք շատ անհրաժեշտ էին այդ բուժհաստատությանը: Բացի այդ, տրվել են մեկանգամյա բժշկական խալաթներ, հիվանդանոցի անձնակազմի համար նախատեսված բժշկական դիմակներ և ախտահանիչ միջոցներ»,-հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։

Մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Մելքումյանը Ռուսաստանի խաղաղապահ ուժերին շնորհակալություն է հայտնել այս բարդ շրջանում երեխաներին օգնելու համար:

«Հետպատերազմական շրջանում մեր ժողովուրդն իսկապես նման մարդասիրական ակցիայի կարիք ունի»,-ասել է գլխավոր բժիշկը:

Ռուս խաղաղապահները արդեն ավելի քան 160 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին, այդ թվում՝ մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշման հավաքածուներ՝ առողջապահական հաստատությունների համար, տեղեկացնում է Sputnik Armenia: