Սերժանտը բեմի վրա հանեց համազգեստը և միացավ «Հայաստան» դաշինքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արարատի Ավշար գյուղում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց բեմի վրա ոստիկանության ծառայողներից մեկը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին և ոստիկանության պետի պաշտոնակատարին չկատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանները։

 


«Ես կարողացա իմ մեջ ուժ գտնել և նման քայլի դիմել։ Կուզեի իմ գործընկերներն էլ ինձ պես վարվեին։ Ես էլ պետք է մյուս ոստիկանների պես Սյունիք գնայի` զինված, հագած-կապած, բայց գնայի` ինչ տեսնեի «Ողջույն, Ադրբեջան» գրությամբ դրո՞շը։ Ոչ, զգալով երկրի վիճակը` որոշեցի կանգնել «Հայաստան» դաշինքի կողքին»,–ասաց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը։

Նրա խոսքով` ահավոր է երկրի վիճակը։ Պետրոսյանն ասում է` Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հեծանիվով էր շրջում, իսկ այսօր 400-500 զինված անձ է ուղեկցում նրան։

Նա հայտնեց` այսօրվանից դուրս է գալիս աշխատանքից, և հենց բեմի վրա հանեց իր ոստիկանական արտահագուստը։

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն է ընթանում։

Հանդիսանու՞մ է իրականում տվյալ անձը ոստիկանության աշխատակից, թե՞ ոչ, այս պահին չի հապարակվում։