Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՄԵԶ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՄՏԱՀՈԳԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ

Մեզ չի կարող չմտահոգել Ղարաբաղի սահմաններին Թուրքիայի հայտնվելը, որը չպետք է լինի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը որոշող ուժերի շարքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ես հասկանում եմ Ռուսաստանի դիրքորոշումը և ուշադիր հետևում եմ ռուս-թուրքական հարաբերություններին ամբողջ ճակատով՝ Ղրիմից մինչև Սիրիա, Միջին Ասիայից մինչև Լիբիա:

Ռուսաստանը Թուրքիայի կարիքն ունի՝ Արևմուտքի դեմ պայքարելու համար, և Էրդողանը դա հմտորեն օգտագործում է: Հաստատվել են այնպիսի հարաբերություններ, որոնք կարելի է անվանել «մտերիմ հակամարտություն»:

Բայց եկեք չմոռանանք, թե ինչ է Թուրքիան և ով է Էրդողանը: Կասկած չունեմ, որ Թուրքիան վճռական պահին երես է թեքելու Մոսկվայից, և այդ հեռանկարը հղի է սպառնալիքներով ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի համար:

Կարծում եմ, որ այս հարցում ռազմավարական պլանավորման հորիզոնը պետք է ընդլայնվի:

Արցախյան վերջին պատերազմը, որում Թուրքիայի միջամտությունը բուռն ու լկտի էր, ևս մեկ անգամ ընդգծեց տարածաշրջանում հայերի ֆիզիկական անվտանգության հարցը:

Շատերը նկատել են, որ Հայոց ցեղասպանության ժամանակներից ի վեր Թուրքիան չի փոխվել, ոչ մի թիզ չի մոտեցել քաղաքակիրթ և խաղաղ պետության չափանիշներին:

Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ չի կարելի առևտրում Թուրքիայի հանդեպ լոյալ լինել Հայաստանի շահերի հաշվին, քանի որ ի վերջո ոչ լոյալություն կլինի, ոչ Հայաստան:

Չեմ կասկածում, որ այս դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում «քթով», իսկ ավելի ճիշտ՝ առանց «հայկական քթի» մնալ»։