Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների, տեղեկացնում է News.am-ը։
Պուտինի և Բայդենի առաջին հանդիպման վայր է ընտրված Ժնևի Լա Գրանժ ամառանոցը։
Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկու ընդլայնված մասերից՝ թեյ-սրճխումի ընդմիջումներով։ Նախօրեին հանդիպման նախապատրաստման ընթացքին ծանոթ աղբյուրը ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել էր այն մասին, որ դրանք հաշվարկված են 4 ժամ 45 րոպե։
Ռուսաստանյան պատվիրակության մեջ են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Հրավիրված են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Սիրիայի գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բայդենին, բացի պետքարտուղար Էնթոնի Բլինքենից և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանից, կմիանան նաև պետքարտուղարի քաղաքական գործերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը և Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի գծով Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Էրիկ Գրինը։
Գագաթաժողովը առաջինն է 2018 թվականից հետո, երբ Պուտինը Հելսինկիում բանակցություններ էր վարում ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ։