ԱՊՀ դիտորդական խումբ․ ՀՀ Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային նորմերին
Հայաստանի Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։ Այս մասին այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։
«Նոր` 2015թ–ից հետո փոփոխված Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր ժողովրդավարական չափանիշներին։ Այն ընտրողներին ազատ կամարտահայտության իրավունք է ընձեռում»,– ասաց նա։
Նեմատովը նաև ընդգծեց, որ համեմատաբար կարճ ժամկետներում ՀՀ ԿԸՀ–ին հաջողվել է իրականացնել ընտրությունների նախապատրաստման բավական ծավալուն աշխատանք` ապահովելու ընտրությունների բնականոն ընթացքը։
Նշենք, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան են ժամանել ԿԸՀ հրավերով մայիսի 31–ին` դիտարկելու ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իսկ խմբի ղեկավարը ժամանել է այսօր` հունիսի 16-ին։ Նա հանդիպում է ունեցել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչանի հետ, որի ընթացքում, իր խոսքով, Մուկուչյանը նրան ներկայացրել է կատարված աշխատանքներն ու ծանոթացրել ՀՀ ընտրական իրավունքի նորմերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։