ՆՈՐ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐ՝ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

Երևանի Շտապօգնության ծառայությունը համալրվել է նոր, լիովին կահավորված չորս ռեանիմոբիլներով: Մեքենաները նվիրաբերվել են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից։ Այդ մասին «ԳԱ»-ի թղթակցին պատմեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:

ԹԱԳՈՒՀԻ ՍԱԲԻՐՈՎՆԱՅԻ ԽՈՍՔԵՐՈՎ, 2020 ԹՎԱԿԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԾԱՆՐ ԷՐ: Կորոնավիրուսով վարակվածների և Արցախում վիրավորվածների թվի կտրուկ աճի խորապատկերին «Շտապօգնությունը» աշխատել է ավրալային ռեժիմով։ «Մեր աշխատակիցները բոլորն անխտիր բառացիորեն նետվում էին Ստեփանակերտ,- ասում է Թ.Ստեփանյանը:- Ընդ որում՝ ոչ միայն երիտասարդները։ Բայց, ինքներդ էլ հասկանում եք, ես չէի կարող միանգամից բոլորին ուղարկել Արցախ: Երևանին նույնպես բրիգադներ են պետք։ Մեր բժիշկներն էլ են հերոսներ։ Հերթափոխը հանձնելուց հետո նրանք չէին ուզում տուն գնալ, խնդրում էին ուղարկել իրենց Ստեփանակերտ։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոչ միայն բժիշկներին, այլև բուժքույրերին, բուժակներին, վարորդներին։ Նրանք աշխատում էին ուժասպառ լինելու աստիճան։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մեր բրիգադները Ստեփանակերտից, Գորիսից, Վարդենիսից Երևանի բժշկական կենտրոններ են տեղափոխել 2189 վիրավորի։ Պատահում էր, որ մեկ օրվա ընթացքում նույն մեքենան երկու անգամ սլանում էր Արցախ ու վերադառնում։ Եվ զարմանալի չէ, որ նման վազքի արդյունքում մեր շարժակազմը բավականին մաշվել է։ Այդ իսկ պատճառով «Թովմասյան» հիմնադրամի նվերը յուրաժամանակ է և կարևոր։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանին»:

Служба 'Скорой помощи' Еревана пополнилась 4 новыми, полностью оборудованными реанимобилями

Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա այն անհամեմատ ավելի հանդարտ է։ Շտապ բուժօգնության ծառայությունը սպասարկում է օրական շուրջ 650 կանչ (պատերազմի ժամանակ և համաճարակի գագաթնակետին դրանք ավելի քան 1900 էին)։ Բայց Թագուհի Սաբիրովնան կոչ է անում մեր քաղաքացիներին չկորցնել զգոնությունը և չմոռանալ կորոնավիրուսի առաջացրած համաճարակաբանական իրավիճակի մասին։ Այն ոչ մի տեղ չի անհետացել, դեռ վաղ է թուլանալ։

Եվ մեկ այլ խնդիր էլ խնդրեցինք մեկնաբանել ծառայության ղեկավարին։ Թեև Թագուհի Սաբիրովնայի ղեկավարությամբ Շտապօգնության ծառայությունը գերազանց է աշխատում, երբեմն սոցիալական ցանցերում քաղաքացիները գանգատվում են, որ չեն կարողանում զանգահարել 1-03 հեռախոսահամարով։

«Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների համաձայն, շտապօգնության բուժանձնակազմը պետք է կանչի վայր հասնի 7-12 րոպեում, իսկ հիվանդի պաթոլոգիան պետք է որոշվի 20 րոպեի ընթացքում,- բացատրում է Թ.Ստեփանյանը:- Ոչ շտապ կանչերի համար սահմանագիծը 30-40 րոպե է: 20 րոպեի ընթացքում բուժանձնակազմը պետք է որոշի, թե արդյոք հիվանդը ենթակա է հոսպիտալացման, որից հետո պետք է կա՛մ վերադառնա կայան, կամ մեկնի այլ կանչով: Դիսպետչերի հետ բոլոր խոսակցությունները ձայնագրվում են և կանոնավորապես լսվում վիճելի հարցերի լուծման կամ կանչերի ընդունման որակի վերահսկողության համար: Կանչերի կատարման և բրիգադների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը մեզ մոտ շատ խիստ է։ Եթե հիվանդը կամ նրա հարազատները համարում են, որ շտապօգնության բրիգադը բավարար ծավալի բուժօգնություն չի ցուցաբերել, անուշադիր է վերաբերվել հիվանդին կամ վճար պահանջել իր աշխատանքի դիմաց, ապա նրանք իրավունք ունեն իմանալ բժշկի, բրիգադի յուրաքանչյուր անդամի անուն-ազգանունը, կանչի համարը և մեքենայի համարանիշը, որից հետո դիմել «Շտապօգնության» կենտրոնակայան:

Ինչ վերաբերում է լրացուցիչ կապին և շտապօգնության մեքենաների քանակի ավելացմանը, ապա համավարակի սկսվելուց հետո գերատեսչության ղեկավարությունն այդպես էլ արեց։ Բայց դա անվերջ շարունակել տեխնիկապես անհնար է։

Ամփոփելով՝ Թագուհի Սաբիրովնան ասաց. «Շտապօգնության ծառայության աշխատանքը նախևառաջ ահռելի պատասխանատվություն է, շատ բարդ ու լարված։ Իհարկե, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, լինում են նաև սխալներ։ Բայց, հավատացեք, մենք անում ենք հնարավոր ամենը, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերենք որակյալ ու յուրաժամանակ։ Եվ շատ ցավալի է, երբ շտապօգնության բժշկի ծանր աշխատանքը չեն գնահատում հավուր պատշաճի։

Ուզում եմ կրկին ու կրկին դիմել Երևանի բնակչությանը. շտապօգնություն կանչեք միայն հույժ անհրաժեշտության դեպքում։ Չէ՞ որ շեղելով բժիշկներին առանց լուրջ պատճառի, դուք ծանրաբեռնում եք կայանը և, հնարավոր է՝ վնասում մեկ այլ հիվանդի, որը անհապաղ բուժօգնության կարիք ունի։ Եվ էլի մի բան. եթե չի ստացվում զանգահարել 1-03, փորձեք դա անել 53 66 51 հեռախոսահամարով»: