«ԵՎ ԾԱԳՈՒՄ Է ԱՐԵՎԸ». ARARAT ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՆԴԱՐ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՈՍԿԵ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում լրագրողների համար ուրբաթ տեղի է ունեցել «Եվ ծագում է արևը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ «Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանի է, բացառիկ ժառանգության նախաբան, որի ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել ARARAT Թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում։

 Երեվանի կոնյակի գործարանի ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը պատմել է ARARAT–ի դարավոր պատմությունը, որի ամեն մի էջ առանձնանում է ձեռքբերումներով։

«Ցուցադրությունը սկսվում է 1907թ.–ին Ֆրանսիայում «Ֆին–շամպայն ընտիր» կոնյակի համար ստացված առաջին մրցանակից։ Այս կոնյակի համար ստացված մեդալը դարձավ «արևածագ» մեր գործարանի համար, ինչից հետո արժանացել ենք հարյուրավոր մեդալների տարբեր երկրներից», – ասաց Իշխանյանը։

 Նա նաև խոսեց այն մասին, թե ինչու է կոնյակն այդպես կոչվում։ Բանն այնէ, որ այս կոնյակի ստեղծողը` Մկրտիչ Մուսինյանցը, կրթություն է ստացել կոնյակագործների համար Մեքքա համարվող ֆրանսիական Մոնպելիե քաղաքում։ Այս անվանումը դարձել է ինքնատիպ հարգանքի տուրք Ֆրանսիային և կոնյակագործությանը։

«XX դարի երկրորդ կեսը մեր կոնյակագործության մեջ համարվում է «ոսկե դարի» սկիզբ։ Այդ տարիներին պատրիարք, մեր կոնյակագործության վարպետների վարպետ, համտեսի ասպետ Մարգար Սեդրակյանը ստեղծեց իր հայտնի կուպաժները։ Այդ ժամանակ մեր կոնյակի պաշարներն առանձնավեցին և տեղափոխվեցին հայտնի ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենք, որը շուտով կդառնար Երևանի խորհրդանիշերից մեկը», – նշեց Իշխանյանը։

Նրա խոսքով, «Դվին» կոնյակը ստեղծվել է 1945թ.–ին, և ցուցահանդեսին ներկայացված է առաջին նմուշը։ Դիզայնը մշակվել է հայտնի նկարիչ Հովհաննես Խոջոյանի կողմից։

««Դվին» կոնյակը դարձել է հայտնի պատմական իրադարձությունների վկան, մասնավորապես, այս կոնյակն են առաջարկել 1945թ.–ի Յալթայի հայտնի կոնֆերանսին, որտեղ այն արժանացել է բարձր գնահատականի։ Հենց այս տարիներին նոբելյան մրցանակակիր, ռուս բանաստեղծ Բորիս Պաստերնակն ասել է, որ Մարգար Սեդրակյանը համոզեց ամբողջ աշխարհին, որ կոնյակը հայերեն է խոսում», – նշեց Իշխանյանը։

Նա նաև ներկայացրեց 1940թ.–ին ստեղծված «Արմենիա» կոնյակը։ 2015թ.–ին, 85 տարի անց, մասնագետների ոսկերչական աշխատանքի շնորհիվ այս կոնյակը վերածնվեց։ Այն դարձել է ոչ միայն Սեդրակյանի հիշատակի տուրք, այլև Հայրենիքի նկատմամբ իր սիրո։

«Ներկայացվել է 1967թ.–ին ստեղծված «Նաիրի» կոնյակը, որը վարպետների վարպետի գլուխգործոցն է։ Արդեն մի քանի ամիս անց` 1968թ.–ին, կոնյակը նվաճեց իր առաջին ոսկե մեդալը։ «Նաիրին» Հայաստանի բանաստեղծական անվանումն է, ինչը նշանակում է «գետերի երկիր»», – պատմեց Իշխանյանը` նշելով, որ արաբերենում կա «նահր» արմատ, ինչը նշանակում է «գետ»։

Նա հիշեցրեց, որ 2016թ.–ին «Ախթամար» կոնյակն արժանացել է ոսկե մեդալի Սան Ֆրանցիսկոյում կայացած հեղինակավոր միջոցառման ժամանակ` դառնալով ԱՄՆ–ում նվաճած առաջին մրցանակը։ Սկզբում ցուցահանդեսի բազմաթիվ մասնակիցներ չէին կարողանում հասկանալ, որ երկրի մասին է խոսքը, բայց հետո «Ախթամար» կոնյակը ոսկե տառերով գրեց Հայաստանի անունը միջազգային ալկոհոլային քարտեզի վրա։ Գնահատվեցին կոնյակի ոչ միայն օրգանոլեպտիկ որակները, այլև դիզայնը։ Կոնյակն արժանացավ բազմաթիվ մրցանակների։

«Վերջին մրցանակներից մեկը դարձել է ոսկե մեդալը, որին արժանացել է «Նաիրի» կոնյակը Ծագող արևի երկիր Տոկիոյում կազմակերպված մրցույթում», – նշեց Ւշխանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ցուցահանդեսին նախապատրաստվելու ընթացքում արդեն «Անի» կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Սան Ֆրանցիսկոյում անցկացված Bartender Spirits Awards մրցույթում։

«Մեր հաղթանակների ոսկե պատմության մեջ վերջակետ չկա։ Մենք շարունակում ենք նվաճել շատ բծախնդիր փորձագետների սրտեր, ամբողջ աշխարհում ներկայացնում ենք մեր հողի և արևի ջերմություն, ինչպես նաև մեր մասնագետների վարպետությունը», – ասաց Իշխանյանը։

Ցուցահանդեսը ներկայացնում է ոչ միայն ARARAT–ի լեգենդար կուպաժները, դրանց հաղթանակները, այլև վերարտադրում է պատմական կոնտեքստը` ներկայացնելով հերոսներին, որոնք կանգնել են ARARAT–ի միջազգային ճանաչման ակունքներում։

Լեգենդար ARARAT հայկական կոնյակները իրենց ստեղծման պահից ի վեր մարմնավորել են Հայաստանը, փոխանցել հայկական հողի և արևի ջերմությունը, նվիրյալների վարպետությունն ու անսպառ սերը։ Պարբերաբար վերափոխելով իրենց արտաքին ձևավորումը` ARARAT կոնյակները տասնամյակներ ի վեր նվաճել են ամենադժվարահաճ մասնագետների սրտերը՝ Հայաստան բերելով ամենաբաղձալի հաղթանակները։

«Եվ ծագում է արևը» մի պատմություն է անցյալի ոսկե հաղթանակների մասին, որի առկայծող փայլը վեհ փարոսի պես լուսավորում է ճանապարհը դեպի ապագա հաղթանակները…

Ցուցադրությունը բաց է այցելուների համար։ Թանգարան այցելությունը նախապես պետք է ամրագրել՝ զանգահարելով (10) 540000 հեռախոսահամարով։

Newsarmenia.am

Галерея (4 фото)