Վանեցյան․ Իշխանությունը հոգեվարքի մեջ է

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն ապագայի Արաբկիր վարչական շրջանի համար 78 հիմնական դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ այս ընտրություններում մարդիկ քվեարկում են հանուն Հայաստանի լինելու ու չլինելու։

Վանեցյանը խոսեց հետընտրական հնարավոր բացասական զարգացումների, մասնավորաբար՝ տարբեր քաղաքական գործիչների կողմից կանխատեսվող քաղաքացիական բախումների մասին։ Շեշտեց` դրա պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանությունը։

Նա անդրադարձավ նաև վաղ առավոտից ստացվող ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին։ Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի «վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»։

«Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կան նշումներ, ընտրատեղամասերում չեն տալիս քաղաքացիներին մեր քվեաթերթիկները, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են դեպի ընտրությունների»,- նշեց Վանեցյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Նշում է, որ դրա նպատակն իրենց թիմակիցներին 72 ժամով հեռու պահելն է ընտրական գործընթացներից, տեղեկացնում է Sputnik Armenia։