Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն: Facebook–ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարների նկատմամբ:

«Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական գործընթացի հետ կապված այլ նյութեր հայտնաբերելը: Բարձրացվել է հարց, որ «Հայաստան» դաշինքի 4 անդամների իրավապահները տեղում քննչական գործողություններ անելու փոխարեն հատուկ նպատակով են ցանկանում բերման ենթարկել Երևան, ինչն էլ նշանակում է, որ ողջ քվեարկության օրն այլևս նրանք հնարավորություն չեն ունենա մասնակցելու ընտրական գործընթացին, և դրանով կկազմալուծվի իրենց դաշինքների շտաբների գործունեությունը Սիսիանում»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Պաշտպանը հայտնում է, որ բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սիսիան` տեղում ստուգելու բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները:

Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ իրավապահ մարմիններն իրենց գործողությունները պետք է կատարեն այնպես, որ ընտրական գործընթացի մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի աշխատանքների համար հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, տեղեկացնում է Sputnik Armenia: