Արմեն Չարչյան․ Այդ գործը փուչիկի նման պայթելու է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինձ 1,5 օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Այս մասին յսօր հունիսի 20-ին մամուլի ասուլի ժմանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Ես բնավ չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, միայն 2 բան ունեմ ասելու. Նախ, բացարձակապես անընդունելի եմ համարում մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, որովհետև ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, հանցանք ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով: Հետևաբար այդ գործը, որ կարվել է, առաջադրվել է ինձ, իր մեջ նյութ չի պարունակում, դա փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է:
Երկրորդ, եթե իրապես հիմք չկա, եթե մեր շատ հարգելի իրավաբանները համոզված լինելով, որ որևէ հիմք չկա, բոլոր դեպքերում գործ են հարուցում, անկամ ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն: Սրանով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունը: Սա ցույց տվեց, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի և բացառապես կախված է իմ քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումից:
Երրորդ կետն էլ կա, բայց հիմա չեմ ասի, որ չդիտվի քարոզչություն»,-ասաց Չարչյանը:
Նա շնորհակալություն հայտնեց քրեաիրավական համակարգի այն բոլոր աշխատակիցներին, որոնց մոտ տեսել է անձնապես արտահայտված հարգալից վերաբերմունք:
«Բացարձակապես մի կողմ պետք է դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, իմ առողջական վիճակը և հարցը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ: Օրենքի առաջ բոլորս հավասար ենք: Հարցը պետք է դիտարկել նաև բարոյական տիրույթում»,-ասաց Չարչյանը:
Հարցին, թե ինքն ի վերջո ուղղորդե՞լ է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին, Չարչյանը պատասխանեց. «Դուք իմ ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետև չկա»: