Մամիջանյան․ ԱԱԾ-ն առևանգել է մեր 2 թեկնածուներին և շտաբի 2 աշխատակիցներին
«Աղաղակող փաստ է տեղի ունեցել Արթիկում։ Բառի բուն իմաստով առևանգել են մեր դաշինքի պատգամավորի երկու թեկնածուներին և շտաբի երկու աշխատակիցներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը, տեղեկացնում է Aravot.am-ը։
Նա ԱԱԾ-ին հորդոր հղեց՝ չմասնակցել կապիտուլյանտի հրահանգներին․ «Առևանգում եմ որակում, որովհետև սկզբից ասել են, թե նրանց տեղափոխելու են Արթիկ, սակայն չեն պարզաբանել գտնվելու վայրը ո’չ Արթիկում, ո’չ Գյումրիում։ Ասածս հաղորդում է հանցագործության մասին։ Նրանք առևանգված են, նրանց իրավական օգնություն հնարավոր չէ տրամադրել, որովհետև չգիտենք, թե որտեղ են»։
Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ այսօր վաղ առավոտից պաշտպանության նախարարության քաղաքական ղեկավարությունը խայտառակեց ինքն իրեն․ «Պատերազմի ընթացքում մեր տղաներին տանում էին թուրքի բերան, իսկ հիմա փորձում են նրանց արժանապատվությունը, կամարտահայտման իրավունքը մատաղ անել ներքին թուրքին՝ կապիտուլյանտի վերարտադրվելուն։ Փաստեր են արձանագրվել, որ ուղղորդում են զինվորներին»։