Կալաշնիկով․ Քոչարյանի հաղթնակը լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր

Պետդումայի Եվրասիական ինտեգրիացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակով ՌԴ-ՀՀ հարաբերություններում նվազագույն փոփոխություններ կլինեն։ Նա հավանական է համարել, որ ՌԴ-ն կընդունի ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է PanARMENIAN.Net։

«Իսկ եթե մեծամասնություն ստանար (երկրորդ նախագահ Ռոբերտ) Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, անկախ նրանից, որ նա մեր հին նոր գործընկերն է»,-ասել է նա, գրում է Interfax-ը։

«Դա բոլորն էին հասկանում, ուստի, կարծում եմ, որ, հավանաբար, Մոսկվան կճանաչի այս ընտրությունների արդյունքները»,-ասել է Կալաշնիկովը։

«Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն ազդեցությունը կունենա ՌԴ-ՀՀ հարաբերությունների վրա, քանի որ դրանք արդեն փորձված են և ամրագրված Լեռնային Ղարաբաղում կարգավորման մասին եռակողմ հայտարարությամբ»,-ասել է Կալաշնիկովը։

Նա հավելել է, որ ոչ մի փոփոխություն ՌԴ և ՀՀ հարաբերություններում, այդ թվում ռազմատեխնիկական գործակցության մասով, խորհրդարանի նոր կազմի ձևավորմամբ չի լինի։

Ըստ Կալաշնիկովի, միևնույն ժամանակ, խորհրդարանական ընտրությունների արդյունքում «հասարակության պառակտումը, որը վաղուց կա Հայաստանի ներսում, էլ ավելի կխորանա»։