Արմեն Սարգսյան․ Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի վերադառնա նախագահական կառավարմանը և դառնա բոլորի համար ավելի կանխատեսելի երկիր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ տեսակապով ելույթ ունենալով Կատարի տնտեսական համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2015-ին Հայաստանը Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։

«Վստահ եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք առաջին հերթին ՏՏ-տեխնոլոգիաների, բայց դրանից առաջ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, հետ վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ ընթացիկ Սահմանադրությամբ Հայաստանը ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական հանրապետություն չէ, այն ղեկավարում է վարչապետը։ Եվ ստացվեց այնպես, որ մարդիկ մեծ իշխանություն ունեն, բայց պատասխանատվություն չկա», - ասել է Սարգսյանը։

Նախագահի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի այնպիսի բարեփոխումների, որոնք «կենտրոնանալու են ապագայի վրա»՝ երկիր պետք է բերվեն արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դուռ պետք է բացվի հսկայական հայկական սփյուռքի համար, որպեսզի երկիրն ավելի կանխատեսելի և դեպի ապագա կողմնորոշված լինի, տեղեկացնում է Sputnik Armenia։