Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ՀՀ-ի զարգացմանը

Մոսկվան հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի զարգացմանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում խաղաղության ապահովմանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընտրություններին հետևել են բազմաթիվ տեղական (8749) և արտասահմանյան դիտորդներ (483), այդ թվում ՝ Ռուսաստանից: Բացի այդ, ընտրություններին հավատարմագրվել են 68 տեղական և 49 արտասահմանյան ԶԼՄ-ներ:

Ինչպես հայտարարել է Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը, երկրում ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել այնպիսի խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Համանման գնահատականներով հանդես են եկել ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները:

«Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթաց զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում, նախևառաջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացման առումով», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: