Ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք
Գեղարքունիքի մարզում մոտ օրերս կտեղակայվեն ռուս զինվորականներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին սահմանում իրադրությունը համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն գրանցվել, մեր զինվորները շարունակում են ծառայությունը։
«Զուգահեռ շարունակվում են եռակողմ բանակցություններ, կատարվում են տեղակայման աշխատանքներ։ Մոտ օրերս ռուս դիրքապահները տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով՝ Գեղարքունիքով, Խոզնավարով մինչև Սյունիք», - ասել է նա։
Սանոսյանը հստակեցրել է, որ ինքը անձամբ չկա բանակցողների մեջ, սակայն տեղյակ է գործընթացից։
«Բանակցություններ են տարվում, որ երկու կողմն էլ հետ քաշվեն՝ և՛ մերոնք, և՛ նրանք։ Այս պայթյունավտանգ իրավիճակում դա բավականին լավ լուծում է, որ չունենանք ծեծկռտուք, կրակոցներ, միջադեպեր: Երկու կողմն էլ հետ կքաշվեն, սահմանին կայունություն կունենանք, որից հետո մնացած գործընթացները կշարունակվեն», - ասել է Սանոսյանը։