Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են գցել
Երևանում, այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները։ Պայթյունի հետևանքով վնասվել են հարևանությամբ՝ Մուրացան 176/1 տան դիմաց կայանված Opel մակնիշի ավտոեմեքենայի կողային 2 ապակիները, վնասվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենա։
Այս պահին դեպքի վայրում են նաև Մ. Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Արա Սաղաթելյանը, «Ադեկվադ»-ի անդամներ։
Ոստիկանությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի ինքնությունը։
Իր հերթին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել: Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք»:
Ավելի ուշ նա հավելել է. «Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձակն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել»: