Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՍԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեռ չեմ որոշել՝ հրաժարվել, թե ընդունել պատգամավորական մանդատը

Դեռ չեմ որոշել՝ հրաժարվել, թե ընդունել պատգամավորական մանդատը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

 


«Ես գործադիր իշխանության մարդ եմ: Դժվար եմ ինձ պատկերացնում օրենսդիր մարմնում: Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ: Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց էմոցիաների: Ես ինձ դժվար եմ պատկերացնում խորհրդարանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանը կհայտնվի հերթական արտահերթ ընտրությունների առաջ

Եթե իշխանությունը շարունակի նույն ոգով, Հայաստանը կհայտնվի հերթական արտահերթ ընտրությունների առաջ,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ընտրողներին՝ մոտ 270 հազար մարդ, ովքեր վստահել են դաշինքին, հավատացել և իրենց ձայնը տվել: «Բազմաթիվ հանդիպումներ են կայացել: Հպարտ եմ, որ նման ժողովուրդը ձայն է տվել մեզ: Ես տպավորված եմ հանդիպումներով»,-ասաց Քոչարյանը:

Միևնույն ժամանակ, նա խոստովանեց, որ արդյունքներն անսպասելի էին:

«Նույն «Գելլափ»-ը, որին չի կարելի կասկածել իմ հանդեպ համակրանքի մեջ: Մենք պետք է փորձենք գտնել բացատրությունը: Ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ: Ակնհայտ է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, և այդ պատճառով մենք դիմել ենք ՍԴ արդյունքները բողոքարկելու համար: Շտամբերը այժմ նյութեր են հավաքում»,-նշեց Քոչարյանը:

«Այժմ արդյունքների մասին մի փոքր այլ համատեքստում: Վստահ եմ, որ մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են ավելի մարդաշատ, քան իշխանության հանդիպումները: Աշխատեց «նախկին իշխանությունների վերադարձի» գործոնը: Մենք չկարողացանք կոտրել այդ գործոնը: Իշխանությունը վատ է հասկանում՝ ինչ է տեղի ունեցել, և կարծում է, որ դա նոր մանդատ է»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ նույնիսկ իր աջակիցները հիասթափված են ընտրությունների արդյունքներից. «Դրանք նախագահական ընտրություններ չեն: Այնտեղ մրցանակը մեկն է: Կա հաղթող և պարտվող: Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցել խորհրդարան: Մեկ հետաքրքիր հանգամանք՝ որքան տոկոս են հավաքել կուսակցությունները, մեր դեմ խաղացողները՝ լավագույն ցուցանիշն է, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում»:

«Մյուս քննարկվող հարցը մանդատը վերցնել, թե չվերցնելն է։ Մենք առայժմ դաշինքում վերջնական որոշում չենք կայացրել։ Իմ անձնական կարծիքը երեկ քննարկել ենք թիմի հետ։ Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն արեց։ Մարտական գործողությունների ժամանակ, եթե խնդիրը լրիվ չի լուծված, բայց խրամատները վերցված են, պետք է ոչ միայն պահել, այլև ամրացնել դրանք հետագա գրոհի համար։ Ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել իրավիճակի հանդեպ։ Մենք ստացել ենք նոր լուրջ հնարավորություններ պայքարը շարունակելու համար։ Ի՞նչ ենք մտադիր անել։ Շարունակել պայքարը։ Խորհրդարանական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինել փողոցային պայքարին։ Մենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ ունենք։ Այս համադրությունը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները։ Այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը։ Մեր մուտքը քաղաքական պայքարի մեջ ցունամիի պես մի բան էր քաղաքական դաշտում։ Տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք, համոզված ենք, որ հնարավորություններ ունենք նաև մարդկային պոտենցիալի ու ինտելեկտուալ հնարավորությունների առումով։ Հարց է առաջանում. ի՞նչ գործիքանի կկիրառվի ավելի ուշ, որո՞նք են հեռանկարները։ Իշխանությունների երեկվա հանրահավաքից հետո տպավորություն ստեղծվեց, որ նրանք աշխատելու են նույն ոգով, ինչպես 3 տարի։ Ոչինչ չի փոխվի։ Նրանք ձայներն ընկալել են որպես իրենց հանդեպ վստահություն։ Նրանք կարծում են, որ ժողովուրդը համաձայն է և ցանկանում է, որպեսզի իրենք շարունակեն այնպես, ինչպես անում էին։ Իմ տպավորությամբ՝ այլ բան է տեղի ունեցել։ Եթե վենդետաներն ու ներքին լարվածությունը շարունակվեն, ես չեմ կասկածում, որ Հայաստանը կհայտնվի ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև»,- ասաց Քոչարյանը։

Ընտրություններից առաջ ուժայիններին մեծ գումարներ են բաժանվել

Տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ ուժայիններին մեծ գումարներ են բաժանվել,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Օրինակ՝ ԱԱԾ ամբողջ սպայական կազմը մեծ գումարներ է ստացել պարգևավճարների տեսքով: Մենք փաստաթղթեր կներկայացնենք»,- ասաց նա:

Ըստ նրա՝ դա կարելի էր անել գոնե ընտրություններից հետո՝ դա ընտրությունների հետ չկապելու համար:

Դեսպանների հետ որևէ հանդիպում չի եղել, քաղաքական առևտուր նույնպես

Ընտրությունների ժամանակ դեսպանների հետ որևէ հանդիպում չի եղել, քաղաքական առևտուր նույնպես,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

Նա պարզաբանեց, որ առաջին անգամ է լսում նման հանդիպումների մասին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական առևտուր է տեղի ունեցել, Քոչարյանը նշեց. «Նման հանդիպումներ և քաղաքական առևտուր չի եղել: Դա անհնար է: Մենք քաղաքական առևտուր անողներ չենք՝ ի տարբերություն շատերի»,-նշեց նա:

Ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան ընտրությունների արդյունքում ստացված ձայները

Նախընտրական արշավը կարճ էր, մենք պարզապես չհասցրեցինք,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ իրենց կողմը գրավել երկմտողներին:

Նրա խոսքով՝ այն մեդիառեսուրսները,որոնց հետ իրենք համագործակցում էին, չէին ընդգրկում Հայաստանը, այլ միայն Երևանը: Գյուղական հատվածի հետ մենք գրեթե չէինք աշխատում, դա երևում է ընտրությունների արդյունքներից: «Մենք հիմա դարձել ենք խորհրդարանական ուժ, ի հայտ է եկել ամբողջ բնակչության, այդ թվում՝ գյուղական համայնքների հետ շփման այդ գործիքակազմը: Համոզված եմ, որ մենք արագորեն շատ ավելի շատ համակիրներ ձեռք կբերենք, քան կար այս ընտրություններում էր: Այն, թե ինչ հավատով և էներգիայով աջակցեցին մեզ մեր համախոհները, ոչ մի այլ ուժ չուներ: Զգալի աճի միտում կա: Կարծում եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի, մի քանի ամսում ցույց կտանք, որ ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այն թվերը, որոնք մենք ստացանք այս ընտրությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը:

Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը

Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների մասով,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

«Այժմ մենք աշխատանքի ռազմավարություն ենք մշակում: Կարող եմ ասել, որ մեր պայքարն էլ ավելի կակտիվանա: Խորհրդարանական գործունեությունից բացի, մենք պայքարի այլ մեթոդներ ևս կօգտագործենք: Խորհրդարանական լծակները մեզ լրացուցիչ հնարավորություն կտան՝ ավելի ակտիվորեն խորանալու տարբեր ուղղություններով: Դրանք թույլ կտան բացահայտել արդիական խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների և այլ ոլորտների մասով»,- ասաց նա:

Իշխանությունները կշարունակեն աշխատել նույն ոճով, ինչը հանգեցրեց Արցախի կորստին և ճգնաժամի

Իշխանությունները կշարունակեն աշխատել նույն ոճով, ինչը հանգեցրեց Արցախի կորստին և ճգնաժամիԻշխանությունները կշարունակեն աշխատել նույն ոճով, ինչպես աշխատում էին վերջին երեք տարվա ընթացքում,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Դա, նրա խոսքով, հասկանալի է դարձել երեկվա ելույթներից հետո։

Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց դա՝ Արցախի կորստին, ներքաղաքական և այլ ճգնաժամերի։ Նրանք 2018թ. հնարավորություն ունեին միավորել ժողովրդին և երկիրը տանել միանգամայն այլ ուղիով։ Մենք տեսա՞նք հաշտեցման ձգտում։ Ես չեմ նկատել։ Հավատալ այս իշխանությանը հնարավոր չէ։ Մեկը մի բան է ասում, երկրորդը՝ լրիվ հակառակը։ Եթե նրանք իսկապես ցանկանում են գնալ այդ ճանապարհով, ապա պետք է իրենց պատշաճ պահեն գոնե վեց ամիս, որպեսզի կարելի լինի հավատալ։ Չեմ կարող հավատալ, երբ փորձում են ձերբակալել բժիշկ Արմեն Չարչյանին անհիմն մեղադրանքով։ 44-օրյա պատերազմի և բազմաթիվ զոհերի մեղավորները փորձում են ձերբակալել մարդու, ով փրկել է հազարավոր կյանքեր։ Սա է իշխանությունների իրական դեմքը։ Դրա համար նրանց կոչերը զրոյական արժեք ունեն, նրանք պետք է ամեն ինչ ցուցադրեն իրենց գործողություններով»,- ավելացրել է Քոչարյանը։

Զինվորականների քվեարկությունն էապես փոխեց պատկերը Սյունիքում

Զինվորականների քվեարկությունն էապես փոխեց պատկերը Սյունիքում,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

«Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր կային, թե ինչպես են զինվորներին տեղամասեր բերում, սպաները նրանց կողքին էին և հետևում էին: Կան ապացույցներ, որ զինվորները ցույց են տվել, թե ինչպես են քվեարկում: Հանձնաժողովի անդամները չէին կարողանում սպաներին տեղամասերի տարածքներից հեռացնել: Զինծառայողների քվեարկությունն էապես փոխեց իրավիճակը Սյունիքում»,- ասաց Քոչարյանը: Ընդ որում, նա կրկին հայտարարեց, որ ամենամեծ խնդիրը ժամանակի սղությունն էր և գյուղի հետ աշխատելու անհնարինությունը: «Գյուղը գտնվում է հանրային հեռուստատեսության ազդեցության տակ, իսկ հանրային հեռուստատեսությունը չի կարող համարվել հանրային, որպես այդպիսին, այն ծառայում է կառավարությանը»,- հավելեց նա:
Դաշինքի ղեկավարը հարց հնչեցրեց, թե ինչու որոշ ուժեր, որոնք պետք է բոլոր հարցումներով շատ ավելի շատ ձայն ստանային, այդքան քիչ ստացան. «ՀԱԿ», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան»: Ինչո՞ւ նրանք բոլորն այդքան քիչ հավաքեցին, ինչը հնարավորություն տվեց, որ իշխող ուժն այդքան շատ հավաքել»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ արդյո՞ք իշխանության ստանալու հարցը շարունակում է մնալ օրակարգում, Քոչարյանը պատասխանեց՝ անկասկած: «Այդ դեպքում ինչո՞ւ գնալ խորհրդարան: Մեր նպատակը լիակատար հաղթանակն է: Ինչպես ասացի, մենք գրավեցինք առաջին խրամատները: Կամրապնդվենք այնտեղ և կապահովենք լիարժեք հաղթանակ: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, մենք խորհրդարան ենք գնում ինչ-որ որոշ մանդատների համա՞ր: Ոչ, մենք պատրաստվում ենք վերցնել ամբողջ իշխանությունը: Հարցը դուրս կգա օրակարգից, եթե ներկայիս կառավարությունը հեռանա և ազգային ուժ կամ իշխանություն հայտնվի: Այդ ժամանակ ես ինձ ազատ կհամարեմ: Իսկ այս իշխանություններն ապացուցեցին, որ սպառնալիք են Հայաստանի համար, և դրանց պետք է հեռացնել»,- շեշտեց Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, որ դիտորդներն էական խախտումներ չեն գրանցել, և այդուհանդերձ արդյո՞ք ինքը վստահում է նրանց, և եթե՝ այո, ապա ինչո՞ւ դիմել ՍԴ, Քոչարյանը հիշեցրեց, որ նախորդ բոլոր ընտրություններում հնչել էին մոտավորապես նույն հայտարարությունները: «Բայց ոչ մի երկրում ոչ ոք չի խոսում, քանի որ դիտորդները հայտարարություն են արել, Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա: Սահմանադրական դատարան դիմը մեր իրավունքն է, մենք էլ դիմում ենք՝ հասկանալու և արձանագրելու խախտումների ծավալը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ խոսքն ընտրությունների արդյունքներին պետության համակարգային միջամտության մասին է:

Հուսով եմ՝ սպառնալիքներից վախեցողի տպավորություն չեմ թողնում

Մի՞թե մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից։ Հույս ունեմ՝ չեմ թողնում,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իշխանությունների կողմից նոր քրեական հետապնդման և հանրահավաքում Փաշինյանի երեկվա ելույթի մասին հարցին։

«Երեք տարի գտնվում եմ այդպիսի ճնշման տակ, և այնուամենայնիվ, գլխավորել են նախընտրական դաշինքը։ Բավական լավ արդյունք ունեմ, երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում»,- նշել է Քոչարյանը։

Խոսելով Վարդենիսում ստացած նվերի՝ մանգաղի մասին՝ Քոչարյանը նշել է, որ չէր ցանկանա մտնել այն դաշտը, որտեղ ներկայանում է վարչապետի պաշտոնակատարը (Փաշինյանը քարոզչության ընթացքում միտինգներ էր անում մուրճով)։ Իշխանությունները վստահության շատ մեծ վարկ ունեին 2018թ. և կարող էին երկիրը տանել միանգամայն այլ ուղղությամբ։ Նրանք գնացին վենդետաների և անձնական հաշիվներ մաքրելու ճանապարհով։ Դա ավարտվեց Ղարաբաղի մի մասի կորստով, տնտեսական և ներքաղաքական ճգնաժամով։ Երեկվա ելութը խոսում է այն մասին, որ նրանք զրոյական եզրակացություններ են արել և շարունակելու են նույն ոգով։ Դա նշանակում է, որ երկիրը դուրս չի գա ճգնաժամից և արտահերթ ընտրությունները կկրկնվեն շարունակաբար, մինչև որ իշխանությունը հասկանա, որ այդպես ներքին քաղաքականություն վարել չի կարելի։ Ինչ վերաբերում է մանգաղին, ապա ես խոստացել եմ, որ գործիքը կօգտագործվի միայն այն բանի համար, ինչի համար նախատեսված է»,- նշել է Քոչարյանը։

Մեկնաբանելով իր մասնակցությունն ընտրություններին՝ նա հիշեցրել է, որ դեմ էր ընտրությունների անցկացմանը, բայց իշխանությունները ուրիշի կարծիքը չէին հարցնում։ «Դուք ասում եք՝ մեր մասնակցությունը լեգիտիմացնում է ընտրությունները։ Դե, կմասնակցեր 24, ոչ թե 25 քաղաքական ուժ, ձայներն այլ կերպ կբաշխվեին։ Ընդհակառակը, մենք փոխեցինք պատկերը, ակտիվացրինք ընտրողների լուրջ մասին։ Մենք ատելության քարոզչություն չենք իրականացրել, հակառակը։ Այնպես որ, ձեր հարցը չի համոզում ինձ ձեր ճշմարտացիության մեջ»,- ասել է նախկին նախագահը։

Մենք ենք օրակարգ թելադրում

Կարծում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է ընթանա օրինական ճանապարհով,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մտադիր է մարդկանց փողոց դուրս հանել:

«Մենք ընտրություններից անմիջապես հետո մարդկանց փողոց դուրս չհանեցինք: Կարծում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է ընթանա օրինական ճանապարհով: Ի՞նչ ենք ուզում ՍԴ-ից. ես հիմա ծանոթ չեմ խախտումների ամբողջ փաթեթին: Սակայն ակնհայտ է, որ վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործում կար, որպեսզի թույլ չտանք մեզ ընտրությունների օրը կազմակերպել մեր գործողությունները: Ամեն դեպքում անհրաժեշտ է խախտումներ ֆիքսել՝ անկախ ՍԴ որոշումից: Դա պետք է մեզ բոլորիս, մեր երկրին: Անհրաժեշտության դեպքում մենք կպահանջենք նաև ձայների վերահաշվարկ»,- ասաց Քոչարյանը:

Բողոքի ցույցերի մասով դաշինքի առաջնորդն ընդգծեց, որ «դաշինքի առաջին հանրահավաքից Օպերայում օրակարգը թելադրում ենք մենք, ոչ թե իշխանությունները: Մենք մտադիր ենք շարունակել օրակարգ թելադրել: Դա նշանակում է, որ վարքագիծը կլինի պրոակտիվ, այլ ոչ թե ռեակտիվ: Մենք ինքներս ենք մշակելու մեր գործողությունները, սինքրոնացնելու ենք խորհրդարանում և փողոցում: Ռեակտիվ վարքագիծը կարող է լինել միայն որպես պատասխան տեղական իրադարձություններին: Կլինի ծրագրային շարժ դեպի առաջ»:

Էրդողանի «վեցի ձևաչափի» մասին. դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի

Դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «վեցի ձևաչափի» մասին հարցին։

«Առայժմ դա պարզապես անոնս էր՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչինչ առայժմ տեղի չի ունեցել։ Այնպես որ, դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի նախագահի նախաձեռնության մասին է, որը հնչեցրել է անցած տարվա դեկտեմբերին Բաքվում։ Էրդողանի մտահղացմամբ՝ պլատֆորմը՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան, և եթե ցանկանա՝ Երևան, Հաաստան կազմով, տարածաշրջանում համագործակցության լավ հարթակ կլիներ։

Եթե ընդունեի առաջին նախագահի առաջարկը, «նախկինների» գործոնն էլ ավելի կընդգծվեր

Եթե ընդունեի առաջին նախագահի առաջարկը, «նախկինների» գործոնն էլ ավելի կընդգծվեր,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այլ կլիներ իրավիճակը, եթե նա ընդուներ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը երեք նախկին նախագահների միավորման մասին։

«Չեմ կարծում, թե ձեզանից որևէ մեկը մի քանի ամիս առաջ կարող էր ենթադրել, որ կարող է այսպիսի դաշինք լինել և այն կգլխավորեմ ես ու այսքան ձայն կհավաքենք։ Դա նշանակում է, որ առասպելները, որոնք իշխանությունը փորձում էր ստեղծել իմ շուրջ, կցնդեն։ Էլի մի քիչ ժամանակ, և պատկերը այլ կլիներ»,- նշել է Քոչարյանը։ Նախկին նախագահն ավելացրել է, որ իր տպավորությամբ՝ վարչապետի հանդիպումները ե՛ւ փոքրաթիվ էին, ե՛ւ էներգետիկան էր ավելի քիչ։

Խոսելով իշխանությունների երեկվա հանրահավաքի ու տարատեսակ կոչերի մասին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունը լիովին կորցրել է վստահության ռեսուրսը։ «Եթե նրանք իրականում մտադիր են փոխել ներքաղաքական մթնոլորտը, պետք է գործերով, աշխատանքով ցույց տան, որ դա բլեֆ ու խաբեություն չէ։ Զրոյական վստահություն այն ամենի հանդեպ, ինչ ասում են»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դաշինքը կվերցնի, թե՞ ոչ պատգամավորական մանդատները, Քոչարյանն ընդգծել է, որ համոզված է մանդատները վերցնելու անհրաժեշտության մեջ, դրանով իսկ ուժեղացնել դիրքերը, ստանալ պայքարի լրացուցիչ լծակներ։ «Ընտրազանգվածի մի մասի հուզական ռեակցիան է արդյունքներին։ Պետք է համբերատար բացատրել, թե ինչու ենք մենք դա անում»,- շարունակել է դաշինքի առաջնորդը։ Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ իշխանությունները գնալու են նախկին կուրսով՝ սկսելու են վենդետաների նոր շարք, ընդ որում՝ այն կիջնի համայնքների ղեկավարների մակարդակին և կվերաբերի բոլորին, ովքեր ներգրավված են եղել «Հայաստան» դաշինքի շտաբների աշխատանքում։ «Նրանք տիպաժով այլ են... ԴՆԹ-ով, մարդկանց բիոքիմիայով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

News.am-ի նյութերով