«Ժողովուրդ»․ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ՄԵԿՆԵԼ ԵՎ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ 78002 ՈՒՂԵՎՈՐ
Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չեն վերադարձել 78 հազար 2 ուղևոր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից օրաթերթը տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղևոր:
«Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղևոր:
«Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է: Ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով ու եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»,–գրում է օրաթերթը:
Ըստ տեղեկությունների` դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից: