Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ՕՐՎԱ ԿՈՒՐՍՈՎ ԱՊՐՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կանխատեսել էր, որ խորհրդարան կանցնի 4 ուժ։ ԱՆդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Բադալյանն ասել էր, որ այն ընտրություններում այլևս հաղթող ուժ չի դառնա։

«Այո՛, կմտնի խորհրդարան, մոտ 20 տոկոսի չափով ձայն կստանա։ Դա կլինի իր առավելագույն ընտրազանգվածը, որը կքվեարկի կոնկրետ ՔՊ-ի ղեկավարի օգտին, և ոչ թե ՔՊ-ի», - նշել էր նա։

«Ես կանխատեսում էի, ելնելով սկզբունքից, որ ընտրությունները տեղի կունենան ազնիվ, արդար, թափանցիկ, բայց եթե ընտրություններում տեղի է ունենում ընտրանկարչություն, բնականաբար, ոչ ոք չի կարղ կանխատեսել, թե ընտրանկարիչներն ինչ պատկեր կստանան։

Երբ մի քանի մարզերում շարունակ լույսերն են անջատում, վարչական ռեսուրս են կիրառում և անցկացնում են այնպիսի մի ընտրական գործընթաց, որն անգամ նախկինում չի եղել, ապա, բնականաբար, արդյունքը լինում է այն, ինչ ցանկանում են ընտրանկարիչները» , - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ ենթադրելի է, որ այս պահին իրավական գործընթաց տեղի կունենա, իսկ հետո դժվար է ասել՝ ինչ կլինի։

«Ստեղծվել է մի իրավիճակ, որ արտագաղթը մեծանալու է, այդ տրամադրությունները ոմանց մոտ ամրապնդվել են, մի զգալի մասն էլ ուղղակի կողմ կքաշվի՝ տեսնելու, թե ինչ է լինում»։

Բադալյանի խոսքով՝ խնդիրն այն չէ՝ հաղթող ուժը լավն է, թե վատը։ Խնդիրն այն է, որ իշխող քաղաքական ուժը և նրա ղեկավարը, ինչպես 2018 թվականից մինչև այսօր, այնպես էլ այսօրվանից հետո՝ չունի Հայաստանի զարգացման վերաբերյալ պատկերացում.

«Օրվա կուրսով ապրող իշխանություն է, հատկապես գլխավոր իշխանավորը, որն ընդամենը պատկերացնում է, որ ինքը Հայաստանի կամ ազգի «պապան» է, բոլորը պետք է իրեն ճանաչեն որպես ազգի «պապա», գան իր հետ հաշվի նստելու։ Ինքը չի հասկանում, որ աշխարհն ուրիշ ձևով է առաջնորդվում։ Եթե դու քո համար կարող ես նկարելով ստանալ ինչ-որ տոկոս և դա ճանաչեն տարբեր երկրների արտգործնախարարները՝ դեռ չի նշանակում, որ դրանից հետո ներդրումներ են գալու և երջանիկ կյանք է լինելու։ Ո՛չ երկրի ղեկավարը, ո՛չ էլ իր թիմակիցները ոչինչ չեն հասկանում, ընդամենը խոսում են պողպատե մանդատի, ջարդելու, փշրելու մասին։ 3 տարի է՝ ջարդում ու փշրում են, էլի կջարդեն ու կփշրեն, խնդիրն ինչումն է»։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Բադալյանն ասաց, որ ամեն դեպքում իրավական գործողություն պետք է լինի։ Առկա խախտումներն ամբողջովին պետք է ներկայացվեն դատական բոլոր մարմիններին Հայաստանում և Հայաստանից դուրս և ցույց տրվի, որ այս մարմինը լեգիտիմ չէ։

«Թե դրանից հետո ինչ կորոշեն, այլ հարց է, բայց պետք է ցույց տրվի, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն և դրա արդյունքում ստեղծված մարմինը լեգիտիմ չէ», - եզրափակեց քաղտեխնոլոգը։

Aysor.am