«ԴԱԿԻՉՆԵՐԻ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԼԱՅՆ ՓԱԿԱԾ ԱՉՔԵՐՈՎ

«Հայաստան» դաշինքը չափազանց դիպուկ բառ է գտել վերջին ընտրությունների մոնիտորինգն իրականացնող դիտորդական առաքելությունների գործունեությունը գնահատելու համար։ «Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական քաղաքացիական պայմանագրի դակիչ»,- ասված Է դաշինքի հայտարարության մեջ: Եվ եթե հպանցիկ դիտարկենք միայն երեկվա (առանց նախընտրական օրերի) տեղեկատվական հոսքը՝ խախտումներն ապացուցող տեսանյութերով, ապա մնում է միայն զարմանալ, թե ինչ հստակ են կատարել բոլոր պատվիրակությունների անդամները «դակիչի» իրենց առաքելությունը։ Կարող է լինել լոկ մեկ բացատրություն. նախապես նպատակ էր դրված ոչինչ չտեսնել և հետևել ընտրությունների ընթացքին լայն փակած աչքերով։

Միջազգային դիտորդների պատվիրակությունները ներկայացնում էին ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ ինստիտուտները՝ Մարդու իրավունքների և ժողովրդավարության բյուրոն ու Խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև ԵԽԽՎ-ն: Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչպես տարօրինակ կերպով համընկան հետխորհրդային տարածքի ու եվրոպական կազմակերպությունների դիտորդների գնահատականները, այն դեպքում, երբ վերջիններս սովորաբար շատ ավելի զգայուն են լինում ժողովրդավարական նորմերի խախտումների նկատմամբ։ Այս անգամ նման բան չկար բացարձակապես. կարդում ես ասուլիսներում պատվիրակությունների ներկայացրած զեկույցները, համեմատում լրահոսի հետ, և լիակատար տպավորություն է ստեղծվում, թե խոսքը բոլորովին տարբեր ընտրությունների մասին է։

ԱՊՀ և ՀԱՊԿ առաքելության ղեկավար Իլհամ Նեմատովն ընդհանրապես հիացած է հունիսի 20-ի ընտրություններով։ Նա հայտարարեց, թե քվեարկության ընթացքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, ամեն ինչ համապատասխանել է միջազգային նորմերին և պարզապես փայլուն անցել։ Պարոն Նեմատովը այն աստիճան չափն անցավ Հայաստանի իշխանություններին ձոնած իր ներբողներում, որ պատվիրակության անդամներից մեկը փորձեց գոնե մեկ կաթիլ կուպր ավելացնել իդեալական պատկերին՝ նշելով, որ թերություններ այնուամենայնիվ եղել են։ Սակայն առաքելության ղեկավարը շտապեց ճշտել, թե դրանք, իբր, համակարգային բնույթ չեն կրել և չեն ազդել արդյունքի վրա։

Դժվար է զերծ մնալ այն հարցից, թե ուրիշ ի՞նչը կարելի է բնութագրել որպես «համակարգային բնույթ կրող», եթե ոչ որոշակի քաղաքական ուժերի քվեաթերթիկների միտումնավոր փչացումը կամ հոսանքազրկումը մի շարք բնակավայրերում հենց ձայների հաշվարկի պահին։

ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի դիտորդները նույնպես համակարգային խախտումներ չեն տեսել, թեև պարկեշտության համար թեթևակի նախատեցին կազմակերպիչներին: Օրինակ, թշնամական հռետորաբանությունը նրանք այնուամենայնիվ նշեցին, բայց նախընտրեցին չհստակեցնել, թե կոնկրետ ումից է այն բխել։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները նկատել են նույնիսկ հոսանքազրկումը մի շարք տեղամասերում: Սակայն առաքելության ղեկավար Օուեն Մերֆին հայտարարեց, թե դա չի ազդել դիտորդների աշխատանքի վրա, լռելով գլխավորի մասին. թե ինչպես դա կարող էր ազդել քվեատուփի պարունակության վրա:

Օրինակ՝ «քվեաթերթիկներով լցոնում» անվանումով ընտրական «զվարճանքի» տեսանկյունից, արհեստականորեն ստեղծված խավարի քողի տակ։ Պարոն Մերֆին հավանաբար տեղյակ չէ, որ այդ հնարքի մեջ հմտացած մարդկանց բացարձակ մթության մի քանի վայրկյանն անգամ բավական է՝ իրենց անհրաժեշտ թերթիկները քվեատուփի մեջ գցելու համար: Մանավանդ որ արդեն առավոտից համացանցում հայտնվել էին քվեատուփերի լուսանկարներ, որոնց հատակը, չգիտես ինչու, ծակ էր։ Բայց դիտորդները դա էլ չեն նկատել։

Դրա հետ մեկտեղ Օուեն Մերֆին հայտարարեց, որ վերջնական զեկույցում այդ գնահատականները կարող են փոխվել: Դե ինչ, հուսանք, որ հեղինակավոր ինստիտուտի դիտորդների խղճի անջատումը զեկույցը կազմելիս այդչափ ակնհայտ չի լինի։ Եվ նրանք կնշեն իշխող ուժի և պետության առաջին դեմքի անհամարժեք պահվածքը, որը քարոզարշավի առաջին իսկ օրվանից և նույնիսկ նախքան դրա մեկնարկը համատարած ու շարունակաբար խախտել է օրենքի պահանջները, բռնությամբ սպառնացել համաքաղաքացիներին՝ մուրճ թափահարելով, առանց սահմանափակումների գործածել եվրոպացիների կողմից խիստ դատապարտվող ատելության խոսքը, խախտել «լռության օրվա» կանոնները և այլն, և այդպես շարունակ

Չէր խանգարի, որ եվրոպացիները նաև անաչառ ու օբյեկտիվորեն գնահատեին նրա թիմակիցների սանձարձակ պահվածքը, որոնք միջամտել են քվեարկության ընթացքին, գրեթե բացահայտ պարտադրել զինծառայողներին քվեարկել իշխող կուսակցության օգտին, բախումներ հրահրել, պոկել կնիքները և այդօրինակ բազմաթիվ այլ հնարքներ կիրառել քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով։ Լավ կլիներ նաև օբյեկտիվորեն գնահատել այն փաստերը, որ դիտավորյալ ու համատարած փչացրել են միայն երկու ընդդիմադիր դաշինքների քվեաթերթիկները, որ ընտրությունների ամենաթեժ պահին մտացածին պատճառներով ոստիկանություն բերման են ենթարկվել միայն ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները, կազմակերպվել են ապօրինի խուզարկություններ և հարձակումներ, ընդհուպ մինչև «կարմիր բերետավորների» հայտնվելն ու վստահված անձանց ծեծելը…

Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պնդենք, թե վերոնշյալ ամենից ոչինչ չի եղել նախորդ տարիների ընտրություններում. արատավոր ավանդույթներն արմատավորվել են վաղուց, ընդ որում դրանց հիմնադիր հայրը հիմա վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականն է։ Բայց նախորդ տարիներին դիտորդները բավական բարեխղճորեն և նույնիսկ բծախնդիր կերպով նշում էին այդ բոլոր խախտումները։ Իսկ այ վերջին ընտրություններն աչքի ընկան ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչների լպիրշ պահվածքով, այլև անխտիր բոլոր դիտորդներին՝ ինչպես խախտումների նկատմամբ ներողամիտ ԱՊՀ և ՀԱՊԿ ներկայացուցիչներին, այնպես էլ նրանց համեմատաբար սկզբունքային եվրոպացի գործընկերներին հանկարծակի ախտահարած ցուցադրական կուրությամբ։

Ամեն ինչ, սակայն, շատ ավելի հասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների թունդ «ջատագովների» պասիվ դիրքորոշումն այն ամենի հանդեպ, ինչ արել է Փաշինյանը իշխանավարման բոլոր երեք տարիներին։ Ոչ մի անգամ ո՛չ դեսպանությունները, ո՛չ ԱՄՆ Պետդեպարտամենտը և արևմտյան երկրների ԱԳՆ-ները չարձագանքեցին այն սանձարձակ կամայականությանը, որը մոլեգնում էր երկրում այդ սուբյեկտի նախաձեռնությամբ։ Չափազանց հազվադեպ էին լսվում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ձայները, որոնք նույնպես գերադասում էին ընդհանուր առմամբ «չնկատել» օրենքի կոպտագույն խախտումները Հայաստանի իշխանությունների և անձամբ առաջին դեմքի կողմից։

Նույնը դիտարկվում էր նաև աշնանային պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ. Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները, արգելված զինատեսակների կիրառումը, անթաքույց վանդալիզմը հայկական ժառանգության նկատմամբ, թուրքերի կողմից միջազգային ահաբեկիչների օգտագործումը, ինչպես նաև հայ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի բուն փաստը այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան, չենք խոսում արդեն ուժային կենտրոնների և համապատասխան կազմակերպությունների արձագանքի մասին:

Բացահայտ գերակայությունն ու ազդարարվող գործառույթների ենթարկումը քաղաքական նպատակներին չափազանց ակնհայտ էին երևում արևմտյան աշխարհի պահվածքում վերջին երեք տարիներին։ Ռուսաստանի կամ ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի այլ երկրների մասին այս համատեքստում խոսելու հարկ չկա, քանզի այդ կողմից երբեք առանձնակի ուշադրություն չի էլ հատկացվել ժողովրդավարական և իրավապաշտպան նորմերի պահպանմանը: Այդ թեմայով կոկորդ պատռելը զուտ արևմտյան «առանձնաշնորհ» է, և նախկին տարիներին ամերիկյան ու եվրոպական երկրների պետական և հասարակական կառույցները երբեք այնքան բացահայտ ու միտումնավոր անտարբեր չեն եղել իշխանությունների արած ամենի նկատմամբ. լինի դա սովորական ժամանակներում, թե ընտրությունների ընթացքում։ Կարելի է միանգամայն հիմնավորված պնդել, որ հենց իրենք են եղել սանձարձակ կամայականության համահեղինակները՝ «չնկատելով» և ոչ մի կերպ չարձագանքելով Փաշինյանի աննախադեպ արարքներին։

Անցած ընտրությունները պարզապես դարձան այդ մոտեցման կենտրոնացված դրսևորումը։ Գլխավոր նպատակը. պահպանել Նիկոլին իշխանության ղեկին՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաբաշխման հակահայկական ծրագիրն ավարտին հասցնելու համար, ոչ մի կերպ չէր ենթադրում սեփական կարգախոսներին հավատարմության նույնիսկ ձևական ցուցադրում, և դա խստիվ պահպանվում է վերջին ավելի քան երեք տարիների ընթացքում։ Հենց այս խոսուն լռությունն ու արձագանքի բացակայությունն են խրախուսել և խրախուսում Փաշինյանին ու իր թիմակիցներին իրավախախտումների, որոնց անպատժելիության հարցում նրանք վստահ են։ Ճիշտ այնպես, ինչպես որ պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո թուրքական սանձարձակության նկատմամբ արձագանքի բացակայությունն է խրախուսում Բաքվի և Անկարայի ագրեսորներին շարունակել հանցավոր քաղաքականությունը։

Հաշվի առնելով թուրքական տանդեմի, Փաշինյանի ու իր տերերի նպատակների ընդհանրությունը՝ արժե՞ արդյոք զարմանալ, որ լայն փակած աչքերով դիտորդները դակեցին իշխող կուսակցության հաղթանակն ընտրություններում, որոնք արդեն ամենախայտառակն են ճանաչվել անկախ Հայաստանի պատմության մեջ։