«ՊԱՏՒՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի

«Պատիվ ունեմ» դաշինքի համար արտահերթ ընտրությունների արդյունքները սպասելի չէին։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

 


«Բայց ունենք այն, ինչ ունենք»,– ասաց նա։

Վանեցյանը հայտնեց, որ մանդատները վերցնել–չվերցնելու հարցով որոշում դեռ չեն կայացրել, բայց եթե որոշեն գնալ խորհրդարան, ինքն իր թիմին միայնակ չի թողնի։

«Գնալու եմ խորհրդարան, ու շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։ Այսինքն` եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,– ասաց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնեց այն 67 000 քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին։

Ինչու եմ ասել «Крым наш», «Я кадровый чекист»

Արթուր Վանեցյանն պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց նաև, թե ինչու է ասել «Крым наш»։ Արտահայտություն, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել։

««Крым наш» ասելով` եթե բառացիորեն եք թարգմանում, ստացվում է, որ Ղրիմը հայկական է։ Կարո՞ղ է` ես նման բան ասեի։ Իհարկե ոչ։ Ի՞նչ եմ ես ասել։ Դա եղել է մի պատասխան, որն ունի շարունակություն։ Շարունակությունը հետևյալն է. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ։ Ասել եմ, որ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալու ՌԴին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի ՀՀի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք Արցախի հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,– ասաց Վանեցյանը։

Sputnik Armenia-ի նյութերով