Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին

Ես երեկ հանդիպել եմ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին, հանգիստ միջավայր է եղել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում 10 հոգով, նրանց թվում՝ մարզպետը, ծեծի են ենթարկել։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, նման բան տեղի չի ունեցել։ Ես իրեն երեկ հանդիպել եմ, բայց ծեծ չի եղել։ Հանգիստ միջավայր է եղել»,- պատասխանեց մարզպետը։

Հարցին՝ արդյոք ինքը պահանջե՞լ է Օձունի համայնքապետի հրաժարականը, մարզպետն ասաց՝ ոչ։

«Երեկվա հանդիպումն աշխատանքային թեմայով էր, տարբեր հարցեր ենք քննարկել»,- ասաց նա։

Հարցին՝ ինքն ինչպիսի՞ հարաբերություններ ունի համայնքապետ Տիտանյանի հետ, մարզպետը պատասխանեց. «Նորմալ հարաբերություններ ունենք»։