Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են

Արցախյան պատերազմի օրերին լայն տարածում ստացած լուսանկարի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը հայտնում է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած տղաներից մեկը` Էրիկ Գասպարյանն իրենց ազգականն է։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«2020թ-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին , Ջրականի (Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաև Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչիկ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային, ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջև բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։ Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տասը օր է` հայրենիքում է, մեր կողքին։ Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես, ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ»,– Facebook–ի իր էջում գրել է Ալբերտի հայրը։

Նա նշում է, որ աղոթել են գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհետ կորած զինվորների համար։

«Պատերազմի արհավիրքը հաղթահարած տղե՛րք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր»,– եզրափակել է Արտակ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։