Բաքվի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց փոխըմբռնումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: