ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է. ԳԵՐԻՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՌՈՒԾԱԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

Այսպես կոչված՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ հայ գերիների խնդրի վերաբերյալ։ Ընդ որում նա փորձեց այդ հարցում մեղքը բարդել նախկին արտգործնախարար Արա Այվազյանի վրա։ Բացի այդ, Գրիգորյանը կրկնեց պաշտոնական Բաքվի այն դիրքորոշումը, թե գերիների ճակատագիրը վճռված է։ Ընդ որում Անվտանգության խորհրդի քարտուղարը մի բառ անգամ չասաց այն մասին, որ Բաքվում ամբողջ խմբերով դատում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց վերագրելով չկատարած հանցագործություններ և դատապարտելով տևական ազատազրկման։

Ահա մի մեջբերում հարցազրույցից. «Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ որ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց: Պարոն Այվազյանը լինելով պաշտոնյա, նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք: Երբ որ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել։

Նա ոչ միայն ստում էր, այլ տորպեդահարում էր, նա ցանկություն չուներ Հայաստանի անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել… Բա հարց չի առաջանո՞ւմ, ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալի, դրանից հետ երևի երկու շաբաթվա ընթացքում, երբ ինքը այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»:

Այն մասին, թե ինչու հենց հունիսի 13-ին՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ վերադարձվեց գերիների 15-հոգանոց խումբը, գրել ենք բազմիցս և դժվար թե արժե կրկնել։ Բնավ մտադիր չլինելով հանդես գալ Այվազյանի փաստաբանների դերում (որն, ի դեպ, արդեն պատասխանել է, որ զրպարտանքը մեկնաբանելու մտադրություն չունի), նշենք Գրիգորյանի ասածի մի քանի կարևոր տեսանկյուններ։ Նախ՝ հարց է առաջանում. եթե այդ ամենը ճիշտ է, ինչո՞ւ Փաշինյանը «ամիսներ շարունակ» չէր հեռացնում նախարարին։ Չէ՞ որ իշխանության մտադրությունները «տորպեդահարող» Այվազյանն ինքը հրաժարական տվեց։ Երկրորդ. ի՞նչ է նշանակում «նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք» և «տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունները»։

Ելնելով Գրիգորյանի խոսքերից՝ պատասխանը կարող է լինել մեկը. Այվազյանը չէր ցանկանում առուծախի առարկայի վերածել գերիների հարցը և պահանջում էր վերադարձնել նրանց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի հիման վրա։ Եվ միայն նախարարի հեռանալը հնարավորություն տվեց Փաշինյանի կառավարությանը պահանջներից անցնել առուծախի, ընդ որում՝ ի սկզբանե անհավասար պայմաններով։ Այսինքն ընդունել Ալիևի իրավունքը՝ չկատարելու սեփական պարտավորությունները ստորագրված փաստաթղթի համաձայն և մեծ զիջումներ պահանջելու հայկական կողմից՝ գերիների ոչ մեծ խմբի վերադարձի դիմաց։

Եվ նման մոտեցումը ԱԽ քարտուղարը համարում է միանգամայն նորմալ ու ընդունելի։ Ըստ երևույթին, նաև այն պատճառով, որ դա հնարավորություն է տալիս առանց դիվանագիտական, քաղաքական, իրավական և լրատվական դաշտում համառ աշխատանքով իրեն նեղություն տալու, առանց առանձնակի ջանքեր գործադրելու, ընդամենը Ալիևին տալ Արցախի և ՀՀ անվտանգության տեսանկյունից անասելի արժեքավոր փաստաթղթեր, ի պատասխան ստանալ մի քանի գերիների և այդպիսով զգալի շահաբաժիններ քաղել ներքին դաշտում։ Ուրիշ ոչինչ այս իշխանությունները չեն կարողանում. Արմեն Գրիգորյանն ուղիղ տեքստով խոստովանում է իր թիմի անզորությունը՝ հասնելու Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի կատարմանը, դրանով իսկ ի ցույց դնելով ոչ միայն իրենց ապիկարությունն ու ապաշնորհությունը, այլև սեփական անուղեղությունը։

Շարունակությունը է՛լ ավելի վատթար էր. Գրիգորյանը, ինչպես ավելի վաղ իր շեֆը, հաստատում է հարցը հենց սակարկության հարթությունում լուծել շարունակելու պատրաստակամությունը, անվանելով դա «կառուցողականություն», իսկ ռազմավարական կարևոր փաստաթղթերի փոխանցումը՝ հայկական կողմի «մարդասիրական քայլ»։ «Մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական քայլի»,- հայտարարում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանի իշխանությունը շարունակել գնալ գերիներին ականապատ դաշտերի քարտեզների հետ փոխանակելու ճանապարհով։ «Դա մարդասիրական քայլ էր մեր կողմից՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից արված քայլի»:

Պետք է ցավակցել Գրիգորյանին ու իր շեֆին, որոնք, դատելով ամենից, սաստիկ վշտանում են ամեն անգամ, երբ Արցախի բռնազավթված տարածքներում ականների վրա ադրբեջանցիներ են պայթում։ ԱԽ քարտուղարն ու իր թիմակիցները, գլխավոր կապիտուլյանտի ղեկավարությամբ, բացարձակապես չեն անհանգստանում այն հայերի համար, որոնց Բաքվում դատում են որպես ահաբեկիչների, իսկ այ ադրբեջանցիների համար նրանց սիրտը ցավում է և «մարդասիրություն» պահանջում։ Նույն «մարդասիրությունը» դրդում է նրանց թշնամուն փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, որոնք Ալիևին թույլ կտան խնայել ականազերծման վրա ծախսելիք միլիոնավոր դոլարներ ու տասնյակ տարիներ։ Եվ հնարավորություն կտան էականորեն արագացնել Արցախի գրավյալ տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը, ինչում Գրիգորյանն ու Փաշինյանը շատ են ուզում օգնել նրան։

Սա ամենևին էլ չափազանցություն չէ և ոչ էլ պարզապես ենթադրություն։ Բավական է հիշել Շուշիում Ալիևի զրույցը Էրդողանի և նրա կնոջ հետ, երբ Բաքվի բռնապետն ինքն է խոստովանում, որ ականադաշտերի քարտեզները «մեծ առավելություն» կտան իրեն, հակառակ դեպքում 10 տարի կպահանջվի տարածքներն ականներից մաքրելու համար։ Կրկնում եմ, Գրիգորյանի խոստովանությունը, որ իրենք հետագայում էլ մտադիր են փոխանցել Ալիևին ականապատ դաշտերի քարտեզները, նշանակում է ոչ միայն հարցը քաղաքական-իրավական ճանապարհով լուծելու բացարձակ անկարողություն, այլև Արցախի բնակեցման գործում Բաքվին օգնելու պատրաստակամություն։

Վերջապես, այդ խոստովանությունը նշանակում է, որ Փաշինյանն ու Գրիգորյանը, ինչպեսև Ալիևն ու Էրդողանը, դիտարկում են հենց այդ չորսի մեղքով գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին որպես մանրադրամ սեփական հարցերը լուծելու համար։ Թուրքերի համար մեր հայրենակիցներն առուծախի առարկա են զավթած հայկական հողերի շուտափույթ յուրացման մասշտաբային ծրագրերում։ Իսկ նիկոլոթուրքերը դիտարկում են նրանց և՛ որպես երկրի ներսում սեփական խնդիրների լուծման գործիք, և՛ օգնություն Ալիևին ու Էրդողանին՝ Արցախն ադրբեջանցիներով շուտափույթ բնակեցնելու հարցում, հնարավոր է՝ նաև ահաբեկիչներով, թուրքոմաններով ու այլ խաժամուժով։

Սեփական քաղաքացիների և սեփական երկրի նկատմամբ ավելի այլասերված ու նողկալի վերաբերմունք դժվար է պատկերացնել։ Եվ դա ասվում ու արվում է բացահայտ, առճակատ և ակնհայտորեն առանց սեփական մոտեցումների ողջ հանցավորության ու ցինիզմի գիտակցման։ Վաղը, երբ սպառվեն Արցախի ականապատ տարածքների քարտեզները, իսկ գերիներ դեռ մնացած լինեն Բաքվում, նրանք, առանց վարանելու, կսկսեն արդեն բուն Հայաստանի պետական գաղտնիքները պարունակող փաստաթղթերի առուծախը։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե դավաճանությունն արդեն սովորական զբաղմունք է դարձել սրանց համար։

Ասենք, ելնելով Գրիգորյանի խոստովանություններից՝ կարելի է եզրակացնել, որ նա լիովին կիսում է պաշտոնական Բաքվի այն դիրքորոշումը, թե հայ գերիների հարցը փակված է։ Դա բխում է նրա այն խոսքերից, թե՝ հենց որ Այվազյանը հեռացավ, «գերիների հարցը լուծվեց»։ Նա չի խոսում կոնկրետ այն 15-ի մասին, որոնց դիմաց Փաշինյանն Ալիևին է փոխանցել արցախյան քարտեզները։ Կա՛մ Արմեն Գրիգորյանի ուղեղը չի բավականացնում նույնիսկ դա հասկանալու համար, կա՛մ նա ընդունում է, որ այն հայերը, որոնց դատում են Բաքվում, ոչ թե գերիներ են, այլ «դիվերսանտներ», «ահաբեկիչներ» և «Ադրբեջանի տարածք ապօրինաբար ներխուժած անձինք»։

Թե որ տարբերակն է նախընտրելի անձամբ «ԱԽ քարտուղարի» համար, թող որոշի ինքը՝ Գրիգորյանը, քանի որ երրորդ տարբերակ պարզապես չկա։

Եվ վերջինը: Փաշինյանն ու իր ոհմակը շարունակում են բարդել սեփական ահռելի մեղքն ուրիշների վրա, ընդ որում՝ նշելով կոնկրետ անուններ։ Առ այսօր դա վերաբերել է հիմնականում բանակի հրամանատարությանը, հիմա արդեն խոսքը ԱԳՆ-ի մասին է։ Կասկածից վեր է, որ միտումը շարունակվելու է նաև մյուս ոլորտներում։ Ամեն ինչ միանգամայն օրինաչափ է, և թող այդ մասին մտածեն նրանք, ովքեր համաձայնել են աշխատել դավաճանների թիմի հետ, այդ թվում՝ պատերազմից հետո, և հետևաբար՝ մեղքի իրենց բաժինն ունեն այսօրվա իրավիճակի համար։