«Հրապարակ»․ ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԱԽՈՀ-ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ խորհրդարան չանցած ուժերի ղեկավարներին ընդունելով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նրանց ոչ թե պաշտոններ է առաջարկել, այլ` ստեղծել արտախորհրդարանական ուժերից ձևավորված մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն պարտված ուժերի այն առաջնորդները, ովքեր կսեղմեն իր մեկնած «համերաշխության ձեռքը»։

«Ասել է թե` ճիշտ չէ, որ քաղաքական այդ կապիտալը կորչի, և պետք է նրանք իրենց կարծիքը հայտնեն, որոնք ինքը կլսի և կկիրառի»,–գրում է թերթը։

Թերթին հայտնի է դարձել, որ որևէ գործչի կոնկրետ պաշտոն չի առաջարկվել որևէ համակարգում, ինչից հանդիպման մասնակիցներից ոմանք եզրակացրել էին, որ ստեղծվելիք խորհուրդը կգործի բյուջեի հաշվին, և խորհրդի անդամներն էլ աշխատավարձ կստանան։ Այսինքն՝ Փաշինյանն իր համախոհ-հաճախորդներին անգործ չի թողնի։

Հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Sputnik Armenia