Բողոքի ցույց ՀՀ կառավարության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները հունիսի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց:

 


Ցուցարարներից մեկի խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ պետք է մի փոքր էլ սպասել, որ գերիներին հաստատ տուն կվերադարձնեն, և որ այս պահին բանակցություններ են ընթանում: «Բայց ես այլևս չեմ կարող սպասել, համբերություն չունեմ: Վերջ, այլևս չեմ դիմանում, յոթ ամիս դիմացա»,- ասաց ծնողներից մեկը:

Նրանք նաև կասկած հայտնեցին, որ գերության մեջ գտնվող իրենց երեխաները կկարողանան դիմանալ ևս երկու ամիս, ինչպես նախկինում հայտարարել էր հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իրավիճակն էլ ավելի է վատացել: Այն ժամանակ նրանց դեմ գոնե քրեական գործեր չէին հարուցում, դատական ​​վճիռներ չէին կայացնում, բայց հիմա նրանք մեղադրվում են ահաբեկչության մեջ և կարող են բանտ նստել: Մի՞թե մենք ահաբեկիչներ ենք դաստիարակել»,- ասաց գերիներից մեկի հայրը:

Կանանցից մեկը, իր հերթին շեշտեց, որ իրենց երեխաները գնացել են հայրենիքը պաշտպանելու, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն պաշտպանում իրենց քաղաքացիների իրավունքները: «Այդ տղաների կյանքը ոչ ոքի չի հետաքրքրում, նրանց ապագան չի հետաքրքրում: Ասում են, որ կա ապագա («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը Հայաստանում վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում - խմբ.): Այդ ի՞նչ ապագա է. Բաքվի բա՞նտը: Դա՞ է որդուս ապագան»,- ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված զինվորի մայրը, տեղեկացնում է News.am: