ՄԻՊ–ի դիմումով ՍԴ–ն կասեցրել է 3 բուհերին վերաբերող կառավարության որոշման գործողությունը

Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող կառավարության որոշման գործողությունը։ Տեղեկությունը հրապարակել է Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ կառավարության որոշմամբ` երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների անդամների թիվը պետք է լինի 20-ը։

Ըստ որոշման` պետք է հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը բաշխվի հետևյալ համամասնությամբ` հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։

«Ստացվում է, որ նշված երեք բուհերում ՀՀ վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Այսինքն` պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու»,–գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով` կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման է ներկայացվել ՀՀ նախագահի կողմից։ Թաթոյանը նշում է, որ վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:

Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:

«Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, ՍԴ որոշմամբ կասեցվել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը»,–ասում է Թաթոյանը` հավելելով, որ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականությունը պետք է քննարկվի այս տարվա հուլիսի 27-ի ՍԴ նիստում: