Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը «քաղաքական բացահայտումների համար» հրավիրվել է ՀՔԾ
Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ «քաղաքական բացահայտումների համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես` որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար»,–գրել է Հովհաննիսյանը և կից հրապարակել ՀՔԾ ծանուցումը։
Արտակ Հովհաննիսյանը որպես գրառման հետգրություն նշել է. «Վերջապես հարգել սովորեք»։