Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող ժամկետային զինածառայողին դեռ չեն հայտնաբերել

Մեկ ամսից ավելի է՝ ինչ ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը համարվում է անհետ կորած։

«Պատկան մարմինները շարունակում են փնտրել։ Վստահեցնում են, որ 90 տոկոսով գերի չի ընկել և Հայաստանի տարածքում է գտնվում, բայց թե որտեղ է՝ չգիտենք։ Քրեական գործ է հարուցվել, դրա շրջանակներում հետախուզում են հայտարարել, բայց փաստն այն է, որ երեխան չկա»,– News.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

Նշենք, որ Նորիկ Մկրտչյանը Տավուշի մարզի Կողբ համայնքից է։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր։

Արսեն Աղաբաբյանը նշեց, որ Նորիկը զորամասը լքելուց հետո տուն չի գնացել, և առհասարակ, զորակոչվելուց հետո ևս տուն չի գնացել։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: