Ո՞Վ ԿԻՄԱՆԱՐ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ՉՀԱՂՈՐԴԵՐ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ հերթական «աննախադեպ» միջադեպն է տեղի ունեցել Փաշինյանի ժամանակների Հայաստանում. ադրբեջանցի զինվորականները սպառնացել են սպանել իսպանացի լրագրողներին ՀՀ տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում, որտեղ, ինչպես հայտնի է, մեկուկես ամիս առաջ անարգել ներխուժել և այդ օրից ի վեր հանգիստ տեղավորվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները: Այն սանձարձակ կամայականություններին, որ նրանք ցուցաբերում են հայ զինվորականների և խաղաղ բնակիչների նկատմամբ (սպանություն, գերեվարում, անասունների առևանգում, ծեծ, հրաձգություն, սպառնալիքներ և այլն) այժմ գումարվեց նաև սպառնալիքը օտարերկրյա լրագրողների կյանքին, որոնք, պետք է ենթադրել, ռեպորտաժ էին պատրաստում հայկական սահմանամերձ գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Իսպանացի լրագրողների հետաքրքրությունը Գեղարքունիքում տեղի ունեցող ամենի նկատմամբ միանգամայն հասկանալի է. աշխարհում ուրիշ որտե՞ղ կարելի է գտնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ կազմակերպությունների անդամ երկիր, որի ինքնիշխան տարածքում ավելի քան կես տարի շարունակ բնակռել ու մոլեգնում են թշնամական զորքերը, իսկ այդ երկրի իշխանությունները մտադիր էլ չեն վռնդել նրանց այնտեղից և լոկ հանդես են գալիս մերկախոս հայտարարություններով: Ասենք, պատահական չէ, որ մենք ընդամենը ենթադրություն արտահայտեցինք, որ իսպանացիները ռեպորտաժ էին պատրաստում, քանի որ հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի ասվում։ Եվ ընդհանրապես սենսացիոն բնույթի տեղեկատվությունն, ըստ էության, բաղկացած էր մի քանի տողից և իրենից ներկայացնում էր «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության թվիթերյան գրառում։

« Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու ադրբեջանական զորքերը սպառնացել են սպանել մի խումբ իսպանացի լրագրողների։ RSF_inter-ը դատապարտում է այդ անթույլատրելի գործողությունը լրագրողների նկատմամբ»- ասված է գրառման մեջ։ Հունիսի 24-ի ժամը 14:00-ի սահմաններում հայտնված հաղորդագրությանը, սակայն, հետագա պարզաբանումներ չեն տրվել ո՛չ ՀՀ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԳՆ-ի կողմից: Այդպես էլ անհայտ մնացին միջադեպի մանրամասները, և կասկած չկա, որ եթե «Լրագրողներ առանց սահմանների»-ն չարձագանքեր, մենք այդպես էլ չէինք իմանա, որ մեր երկրի տարածքում այլ պետության օկուպացիոն ուժերը սպառնում են եվրոպացի լրագրողներին։

Այստեղից առաջանում է մեկ այլ հարց. տեղյա՞կ են եղել արդյոք ՀՀ իրավասու կառույցները, որ օտարերկրյա ԶԼՄ-ի ներկայացուցիչներն աշխատում են պետական սահմանի վրա, և որքանո՞վ է դա թույլատրելի պետության անվտանգության տեսանկյունից։ Եթե ԱԳՆ-ն հավատարմագրել է լրագրողներին և թույլտվություն նրանք ստացել են, ապա ինչո՞ւ այդ գերատեսչությունը (թեկուզև գլխատված, բայց կարծես թե գործող) չի հաղորդում միջադեպի և դրա պատճառների մասին։ Մյուս կողմից, երբ երկրում մեկուկես ամիս շարունակ գտնվում են թշնամու զորքերը, ապա մամուլի ներկայացուցիչների, նույնիսկ օտարերկրյա լրագրողների ենթատեքստում նույնիսկ մի տեսակ ծիծաղելի է տալ անվտանգությանը վերաբերող հարցեր։

Զգո՞ւմ եք, թե որքան արագ մեզ վարժեցրին, որ մեր պետության մի մասը բռնազավթված Է Ադրբեջանի կողմից, իսկ իշխանությունները մտադիր էլ չեն ինչ-որ միջոցներ ձեռնարկել, թողնելով, որ ամեն ինչ որոշի երրորդ երկիրը՝ Ռուսաստանը։ Որևէ այլ բան պաշտոնական հայտարարություններից չի էլ բխում։ Թե ինչ է կատարվում Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի սահմանին, մեզ արդեն չի հետաքրքրում, իսկ ՊՆ-ն վաղուց դադարել է հրապարակել նույնիսկ ձևական ամփոփագրերը, որտեղ իրողությունները հանգեցված էին ադրբեջանական զորքերի հետ ՀՀ քաղաքացիների անխռով ու խնդիրներից զերծ գոյակցությանը։ Հայաստանի սահմանամերձ շրջանները, այսպիսով, այժմ հայտնվել են նաև տեղեկատվական շրջափակման մեջ, և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդագրությունը բնավ առիթ չդարձավ Պաշտպանության նախարարության և ԱԳՆ-ի համար՝ հանդես գալու պաշտոնական պարզաբանումներով:

Ավելին, դրանից մեկ օր առաջ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարություններ արեց, որոնցով փորձում էր մեղմացնել և արդարացնել բռնազավթիչ զորքերի գործողությունները։ Ի պատասխան այն հարցին, որ ադրբեջանցի զինվորականները կրակում են հայ գյուղացիների վրա և անասուններ գողանում, Դավթյանն ասաց, թե «հայ գյուղացիների վրա հակառակորդի կրակոցների վերաբերյալ մի քիչ չափազանցված է, իսկ էդ անասնագողությունն էլ, որ ասում եք, ըստ այն տեղեկությունների, որ ես տիրապետում եմ, անասուններն իրենք են արածելու ընթացքում անցել այդ ուղղության վրա»։ Անհավանական է, բայց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը խոսում է ոչ թե այն մասին, թե ինչպես է բանակը պատրաստվում երկրից դուրս շպրտել թշնամու զինվորներին, այլ տրտնջում է, թե իբր՝ նրանք կրակում են ոչ այնքան ինտենսիվ, ինչպես հաղորդվում է: Իսկ անասունները, իբր, իրենք են մեղավոր, թող քարշ չգային թշնամու կողմը. հիշեցնեմ, խոսքը ՀՀ տարածքի մասին է։

«Մի մոռացեք, որ նախորդ տարիներին էլ սահմանամերձ շրջաններում. Բարեկամավան, Բերդավան, Խաչիկ և այլն, մենք կարողացել ենք իրականացնել խնդիրները, կրակոցներ եղել են նաև Նոյեմբերյանում, մի ժամանակ անասնագողության շատ դեպքեր են եղել, հիմա չկան։ Հիմա ուղղակի անասուններն իրենք են արածելու ժամանակ անցել այդ ուղղության վրա, բանակցությունների արդյունքում որոշակի մաս հետ է վերադարձվել, մնացածի վերաբերյալ աշխատանքը տարվում է։ Այնպես չէ, որ հակառակորդի ինչ-որ խումբ մտել է մեր տարածք և անասունները գողացել»,- ասաց Դավթյանը։ Նա նշեց նաև, թե հենց բանակցությունների շնորհիվ է հաջողվել վերադարձնել «6 գերիներից մոտ 4-ին»: Եղել են նաև մոլորված զինվորականներ, որոնց վերադարձրել են, բայց այդ մասին չի խոսվում, որպեսզի չխանգարեն ընդհանուր գործընթացին, նշված է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, Դավթյանը լռեց այն մասին, որ մեր տարածքում գերեվարված մարդկանց վերադարձրել են կարևորագույն փաստաթղթի դիմաց, նա «մոռացավ» նաև բացատրել, թե ինչու են վերադարձրել 6-ից միայն 4-ին, իսկ 32-ամյա պայմանագրային իր իսկ զինծառայողի սպանության մասին Գլխավոր շտաբի ղեկավարն ընդհանրապես չի հիշում: Ասես դա սովորական երևույթ է. սպանել հայ զինվորականներին իրենց իսկ պետության տարածքում, ընդ որում, ինչպես պարզվում է, անպատիժ։ Թեպետ, նման բան հայտարարող և մարդասպաններին արդարացնող Գլխավոր շտաբի պետի պարագայում այդ ամենը, համաձայնեք, միանգամայն օրինաչափ է։

Եվս մեկ անգամ կրկնեմ. մեկուկես ամիս է անցել Հայաստանի տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից։ Այդ ընթացքում հնչել են ՀՀ ղեկավարության մի քանի «սարսափազդու» հայտարարություններ, բայց ոչ մի գործնական քայլ չի արվել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայաստանում հասցրեցին ավարտվել նախընտրական քարոզարշավն ու խորհրդարանական ընտրությունները, իսկ Ալիևի զորքերն ինչպես որ կանգնած էին, այնպես էլ շարունակում են մնալ կանգնած։ Եվ դա, կարծես թե, միանգամայն ձեռնտու է ՀՀ իշխանություններին։

Այսպիսով, ո՞րն էր ադրբեջանական զորքերի ներխուժման իրական նպատակը՝ թուրքերի համար այդքան կարևոր ընտրությունների նախօրեին։ Ինչո՞ւ է առ այսօր փաստացի լռության մատնվում սահմանին տեղի ունեցող ամենը, ինչո՞ւ հասարակությունը ոչ մի տեղեկատվություն չի ստանում, իսկ առանձին դրվագների մասին իմանում է բացառապես մամուլից կամ, ինչպես տվյալ դեպքում, օտարերկրյա կազմակերպությունների հաղորդագրություններից։ Դեռ որքա՞ն պիտի շարունակվի այս սանձազերծ անօրենությունը, և ինչո՞ւ է պաշտոնական Երևանը խոսում «երկու կողմից զորքերի հետքաշման» մասին, հաստատելով, որ չարաբաստիկ սահմանագծումն ու սահմանազատումը անցկացվելու են բացառապես հայկական տարածքների հաշվին, ինչպես բազմիցս հայտարարել և մտավախություն են հայտնել փորձագետները։

Չենք խոսում արդեն այն մասին, որ այդ գործընթացները բավական տևական են և կարող են ընթանալ տարիներ ու նույնիսկ տասնամյակներ շարունակ. նշանակո՞ւմ է արդյոք դա, որ ադրբեջանական զորքերն ընդհանրապես չեն լքի ՀՀ տարածքը մինչև դրանց ավարտը։ Թե՞ նախատեսվում է հապշտապ անցկացնել սահմանազատումը GPS-ով և միմիայն թուրքերին ձեռնտու քարտեզներով։

Այս հարցերի պատասխանները չկան և, ամենայն հավանականությամբ, դրանք տալ ոչ ոք չի էլ պատրաստվում: Ինչն էլ թույլ է տալիս չսխալվելու մեծագույն հավանականությամբ ենթադրել, որ Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածք են ներխուժել Հայաստանի իշխանությունների գիտությամբ և վերջիններիս շահերին համապատասխանող նպատակով։ Եվ դա հերթական օղակն է փաշինյանական իշխանության դավաճանությունների շղթայում. հերթականը, բայց ոչ վերջինը։