Հայկական դրամը դոլարի նկատմամբ կտրուկ արժևորվել է
Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացումն ընտրությունների հետ կապ չունի: Նախընտրական փուլում քաղաքական ուժերի ծախսերը չեն ազդել դրամի փոխարժեքի տատանումների վրա, քանի որ գումարները համեմատաբար փոքր են (առավելագույնը մի քանի միլիոն դոլար): Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը:
Նա պարզաբանել է, որ դրամի փոխարժեքի բարձրացումը կապված է պղնձի գնաճով (շուրջ երկու անգամ), ինչպես նաև արտերկրից փոխանցումների աճով: Զբոսաշրջության ոլորտի ակտիվացումը նույնպես որոշակի դեր է խաղում, քանի որ այն նույնպես արտարժույթի աղբյուր է:
Պղնձի գնի աճը, փոխանցումներն ու ներգնա տուրիզմը հանգեցնում են արտարժույթի ավելացմանը:
Փորձագետի խոսքով՝ զբոսաշրջության ազդեցությունը հարաբերական է. այսպես կոչված արտագնա տուրիզմը նույնպես ակտիվ է, այսինքն՝ արտարժութային ավելացումների տեսանկյունից այդտեղ իրավիճակը բալանսավորված է:
«Դրամի փոխարժեքը կշարունակի աճել, եթե պղնձի գները բարձր մնան (եթե նախկինում պղնձի կոնցենտրատի մեկ տոննան կազմել է 5-6 հազար դոլար, ապա այժմ շուրջ 9 հազար դոլար է): Նախկին գների դեպքում մենք արտահանել ենք կոնցենտրատը 800 միլիոն դոլարի չափով, այժմ այդ գումարը կրկնապատկվել է: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա մեզ համար ևս մեկ կարևոր ուղղություն է դեպի Ռուսաստան պատրաստի սննդամթերք արտահանելը: Այդ ուղղությամբ արտահանման լուրջ աճ չի գրանցվել:
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դրամը, հնարավոր է, ավելի ամրապնդվի: Եթե հենվենք այսօրվա միտումների վրա, ապա հավանականությունը բարձր է, որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կնվազի 500 դրամից ցածր: Իհարկե ֆորս մաժորային իրավճակի բացակայության դեպքում»,-հավելել է Ադոնցը: