«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը ՀՀ գործադիր իշխանությունից պահանջում է անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, իսկ ժողովրդին կոչ անում չլքել հայրենիքը։ Այս մասին ասվում է Facebook–ում դաշինքի տարածած հայտարարության մեջ։

««Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում»,–նշված է հայտարարության մեջ:

Դաշինքը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից պահանջում է կանխել «քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը», բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաներին:

 «Հայաստան» դաշինքը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանի գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:

«Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին»,–ասվում է դաշինքի հայտարարւոթյան մեջ, հավելելով, որ պատրաստ են ժողովրդի հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, տեղեկացնում է Sputnik Armenia: