ԿԸՀ-ն հաստատեց. հայտնի է` որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա խորհրդարանում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաշվարկեց, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից, որը քանի մանդատ կստանա։

Այսպես. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինք 7 մանդատ։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 քվեներից բացի կստանա ևս 3 քվե` ազգային փոքրամասնությունների եզդի, ռուս, քուրդ ներկայացուցիչ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն իր ստացած 26 քվեներից բացի կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է ևս 2 լրացուցիչ մանդատ, քանի որ, ինչպես մեկնաբանեց ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատները ընդհանուր թիվը պետք է լինի 36-ը։ Եվ, քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ 2 մանդատները ևս տրվում են այս քաղաքական ուժին։

Այսպիսով, վերջնական արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանում է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։